Սյունիքում նորից նախընտրական վիճակ է

Նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի խոշորացվող երեք համայնքում՝ Կապանում, Սիսիանում եւ Քաջարանում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Թեեւ բավական ժամանակ դեռ կա մինչեւ ընտրությունների մեկնարկը, սակայն Կապանում նախընտրական զարգացումներն արդեն նկատելի են: Այս օրերին խոսվում է, թե ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն է: Կապանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կարապետյանի անունը նույնպես շրջանառվում է հավանական թեկնածուների թվում: Առայժմ հստակ չէ նախկին քաղաքապետ, ՀՅԴ-ական Արտուր Աթայանի մասնակցության հարցը: Նա անցած աշնանը տեղի ունեցած ընտրություններում կրկին առաջադրվել էր, սակայն պարտություն կրեց:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն օրերս Սիսիանում մասնակցել է Նորավանի մանկապարտեզի վերաբացմանը եւ առիթն օգտագործելով, ըստ միջոցառման մասնակիցների պատմածների՝ հավաքվածներին կոչ է արել նոյեմբերի 5-ի ընտրություններում քվեարկել Սիսիանի գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի օգտին: «Նա մեր թիմի անդամ է»,-պատճառաբանել է մարզպետը՝ հավաստիացնելով, թե Արթուր Սարգսյանի թիկունքին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է կանգնած: Սակայն ՀՀԿ-ն դեռեւս որոշում չի կայացրել Սիսիանում թեկնածու առաջադրելու մասին։

Սիսիանցիները տարակուսել են. «Մենք էլ կարծում էինք, թե Արթուրի մեջքին ՀՀԿ-ն է, բանից պարզվում է՝ գերմանացիք են»: Նկատենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն Գերմանիայի Դաշնային Հանրապետության սեփականությունն է:

Մեկնաբանություն
X