Հարուցվել է քրգործ ապօրինի ձեռնարկատիրության, նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու դեպքով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ա.Կ.» հասարակական կազմակերպությունը 2013-2015 թվականներին նախարարության աշխատակազմի Զբաղվածության պետական գործակալության հետ կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերով իրականացրել է աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ծառայություններ՝ խախտելով տվյալ պահին գործող խմբագրությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջը:

ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առեւտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:

«Ա.Կ.» հասարակական կազմակերպությունը աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ծառայություններից նշված տարիներին առաջացած հասույթները չի հայտարարագրել հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկներում, չի հաշվարկվել եւ ՀՀ պետական բյուջե չի վճարվել 4.620.000 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Բացի այդ, պարզվել է, որ «Ա.Կ.» հասարակական կազմակերպությունը եւ Հ. Մ. անհատ ձեռնարկատերը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված անհրաժեշտ որակավորման չափանիշները հավաստելու եւ Հ. Մ. անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությունը գնման գործընթացում ապահովելու նպատակով կեղծել են իրավունք վերապահող փաստաթուղթ եւ այն ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն:

Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներն առերեւույթ պարունակում են ապօրինի ձեռնարկատիրության, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:

Մեկնաբանություն
X