Շարմազանովը վիրավորում է

Եկեղեցուն, հավատին չեմ անդրադառնում, որովհետև դա շատ նուրբ թեմա է և բարձրացված ցանկացած հարց այդ թեմայով կարող է քաղաքականացվել։

Միայն մի փոքրիկ անդրադարձ եմ ուզում կատարել Հայ Առաքելական Եկեղեցին մինչև հոգու խորքը սիրող սիրող Շարմազանովի մի արտահայտության վրա։ Շարմազանովի արտահայտությունը կարող է թվալ անվնաս, որպես եկեղեցին պաշտողի խոսք, բայց կարծում եմ ինչ որ բան համոզելու համար պարտադիր չէ, որ այն համեմատել ամենաայլանդակի հետ։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է հոգևորին, հոգուն։

ԱԺ-ում լրագրողների այն դիտարկմանը, որ դպրոցներում ու բանակում երեխաներին ու զինվորներին ստիպում են աղոթել, հաշվի չի առնվում, որ մարդը գուցե աթեիստ է, Շարմազանովն արձագանքեց.

«Լավ են անում, ճիշտ են անում, իրավունքների խախտում չի։ Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա։ Շատ ճիշտ ա, որ բանակում աղոթքով են սկսում, հըլը պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ պետք է ունենանք մեր հոգեւոր զարթոնքը: Եկեղեցու ժամերը պետք է ավելացվեն»։

Մի՞թե կարելի է եկեղեցու, հոգևոր հայրերի գործունեությունը ներկայացնել որպես «պոռնկություն, էրոտիկա չքարոզողների» բնութագիր։ Սա վիրավորանք է քրիստոնյայի համար։

Հանգիստ թողեք եկեղեցին, հոգևորը, քաղաքական այրեր, և այն բառերը, որ թույլատրելի է օգտագործել քաղաքականության մեջ, մի սփռեք հոգևորի վրա։ Մի՞թե չէր կարելի պոռնկություն, էրոտիկա բառերի փոխարեն ներկայացնել յուրաքանչյուր անհատի կյանքում հոգևորի արժեքը, դերը, բարձրացնել և ոչ թե իջեցնել ու համեմատել ամենաստորինի հետ։

Սա չլսված երևույթ է, երբ ասում են՝ լավն է, որովհետև այլանդակը չի։ Ներկայացրու՝ ինչու է լավը և ոչ թե քաղաքական անհարկի ձևակերպումներ տուր։

Սա վկայում է, որ հազար եկեղեցի էլ կառուցվի, անհասանելի՜ է կառուցման գաղափարը։
Չգիտեմ ինչու աչքիս առաջ եկավ մեր գյուղի եկեղեցի կոչվող սև քարը, որը բացատրում էին, որ համբույրներից է գույնը փոխել։ Ամբողջ գյուղը ծնկաչոք այդ սև քարին էր խոնարհվում և ինչե՜ր ասես չէր լսել քարը․․․ Հոգևոր հայր չկար, չէր աղոթում, բայց բոլորն իրենց էությամբ սրբանում, բարիանում էին, երբ համբուրում էին Նրան․․․ Տատս ասում էր՝ երբ ես չլինեմ, Նրանից կխնդրեք ձեր ուզածը։

Հիմա Շարմազանովն ասում է ՝ «Լավ են անում, ճիշտ են անում, իրավունքների խախտում չի»։ Վարչարարական, ստիպողական հոտ չե՞ք առնում․․․

Ամեն ինչ մարդու կամքով պիտի լինի, պիտի առաջանա պահանջարկը՝ զինվորը, դպրոցականը հոգևոր քաղց պիտի զգա ու ի՜նքը, ուզի, խնդրի․․․

Տատիս խոսքերը կաթի պես չեմ մոռանում՝ երբ չլինեմ, Նրանից կխնդրեք ձեր ուզածը․ սև անտա՜շ քարից, որն ինձ համար աշխարհի ամենաշքեղ, ամենակարող ու զորավոր եկեղեցին է։ Նա ուժ է տալիս, իսկ մեր օլիգարխների կառուցած շքեղ եկեղեցիներում ինձ օտար եմ զգում։

Չգիտեմ՝ ինչու՞ է այդպես․․․

Թող դա բացատրեն Շարմազանովն ու Բագրատյանը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X