ՏԻՄ օրենքի նոր մեկնաբանություն

Վանաձորի ավագանին սեպտեմբերի 19-ին նիստ է հրավիրել: Աշնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում 10 հարց է ներառված: Նշենք, որ քվորումի հարցը, որը նախորդ նստաշրջաններում եղել է ավագանու նիստերի տապալման պատճառ, այս անգամ ավագանու ՀՀԿ խմբակցությանն ու քաղաքապետին չի մտահոգում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքապետարանի հանրային կապերի, լրատվության եւ արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը, հղում անելով ՏԻՄ նոր օրենքի «Տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները Գյումրի եւ Վանաձոր համայնքներում» գլխի 64-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերին, ավագանու նիստին ներկա եւ որոշմանը կողմ քվեարկած 9 անդամն էլ բավարար են, որպեսզի ավագանին իրավազոր համարվի եւ որոշումներ կայացնի: Նիստերը բոյկոտող ԼՀԿ ղեկավար Քրիստ Մարուքյանը, սակայն, օրենքի նման մեկնաբանությունը կամայական է համարում: Կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է օրենքի այս դրույթի սահմանադրականությունը եւ մինչեւ ՍԴ համապատասխան վճիռը շարունակելու է բոյկոտը: ԼՀԿ-ին միացած ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն նույնպես առայժմ շարունակում են հավատարիմ մնալ բոյկոտի մասին որոշմանը:

Մեկնաբանություն
X