Բացի բակտերիաներից, որոնք իմ օրգանիզմի անբաժան մասն են, այլ արգելված իր չունեմ․ փաստաբանները կրկին չկարողացան մտնել նիստերի դահլիճ

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստը։ Փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Լուսինե Սահակյանը չկարողացան մտնել դատական նիստերի դահլիճ զննությունների պատճառով։ Բանն այն է, որ փաստաբանները կրկին բախվեցին զննության-խուզարկության խնդրի հետ։ Դատական կարգադրիչները պահանջեցին փաստաբաններից հանել մետաղական իրերը, քանի որ մետաղաորսիչը ֆիքսել է, թե պայուսակում մետաղական իրեր կան։ Փաստաբանները չկարողացան մտնել նիստերի դահլիճ եւ կազմվեց արձանագրություն։ Նինա Կարապետյանցը դատական կարգադրիչին ասաց․ «Ո՞ր իրն է արգելված, ասեք, հանեմ տամ ձեզ։ Բացի բակտերիաներից, որոնք իմ օրգանիզմի անբաժան մասն են, այլ արգելված իր չունեմ»։

Դատական նիստը սկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի եւ Լուսինե Սահակյանի՝ դատարանի դահլիճում չգտնվելու փաստի վերաբերյալ որոշում կայացնելու։ Նախագահողը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց, որ փաստաբանների նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ դիմելով ՓՊ նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ դատավորների նախագահների խորհուրդը հրապարակել էր դատարան բերվող արգելված իրերի ցանկը, որը բավականին զավեշտալի էր, այնտեղ նշված էր, որ դատական նիստերի դահլիճ մուտք գործողները իրենց հետ չեն կարող բերել նավի թիեր, մահակներ, վիրուսներ, սողուններ, գործելու շյուղեր, սրեր, թրեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X