Նեւրոզների շատացմանը զուգահեռ հիվանդանոցը վաճառվում է

Հայաստանում ավելի շատ հիվանդանոց կա, քան նման թվով բնակչության համար անհրաժեշտ է, ուստի կառավարությունը խնդիր է դրել դրանք մասնավորեցնել կամ լուծարել: Մասնավորեցման հանված բուժհաստատություններից է «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն: Գտնվում է Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Մասնավորեցումը գործադիրն այսպես է հիմնավորում. «Կլինիկայի կողմից իրականացվող ծառայությունները կազմակերպվում են նաեւ բազմապրոֆիլ երկու բժշկական կազմակերպություններում եւ հոգեկան առողջության կենտրոններում: Կլինիկան ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն՝ կապված շենքային պայմանների բարելավման, վերազինման հետ, որի արդյունքում այն կլինի առավել մրցունակ»: Հիմնավորումներից առաջինը պարզապես ծիծաղելի է. այսինքն՝ եթե ողջ հանրապետությունում նույն ֆունկցիան իրականացնող երեք հիվանդանոց կա, պետք է մեկը լուծարվի՞: Մյուս հիմնավորումն էլ նշանակում է, որ պարզապես կառավարությունը չի ցանկանում փող ծախսել կամ փող չունի հիվանդանոցը կարգի բերելու համար: Կլինիկան իրականացնում է սահմանային վիճակներում գտնվող այցելուների հիվանդանոցային հետազոտություն եւ բուժում: Կլինիկայում հիվանդանոցային սպասարկման համար գործում է երկու բաժանմունք՝ թիվ 1 հոգեթերապեւտիկ եւ թիվ 2 հոգեբուժական: Այստեղ բժշկական օգնություն եւ սպասարկում է ստանում տարեկան շուրջ 750 հիվանդ, ինչպես նաեւ իրականացվում է շուրջ 2 հազար հիվանդի խորհրդատվություն: Ունի 50 մահճակալ:

Քասախի նեւրոզների կլինիկայի շենքը շահագործման է հանձնվել 1971 թ.՝ որպես թաղամասային հիվանդանոց: 1973 թ. այն գործել է որպես Նաիրիի շրջանային հիվանդանոց, 1977-1985 թթ.՝ որպես Կոտրվածքների վերականգնողական կենտրոն, 1985-ից՝ որպես նեւրոզների կլինիկա: Շենքը վերջին անգամ վերանորոգվել է 1980-ական թվականների երկրորդ կեսին, երբ դառնում էր Նեւրոզների կլինիկա: Բուժումը կատարվում է հիմնականում հոգեթերապեւտիկ ձեւերով՝ հիպնոս, ռացիոնալ թերապիա, մեդիտացիա եւ այլն: Ունի 45 աշխատող՝ հոգեթերապեւտ, նյարդաբան, հոգեբույժ, հոգեբան, բուժքույր, խոհարար, մայրապետ եւ այլն:

Այս կլինիկան ներառված է նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի եւ այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերում:

Բաց հասարակության ինստիտուտը 2011թ. հրապարակեց Հայաստանի նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքները: Պարզվել էր, որ բոլոր հաստատություններն ունեն թե՛ շենքային, թե՛ մասնագիտական խնդիրներ: Ապահովված չեն նվազագույն անհրաժեշտ բժշկական տեխնիկայով, իսկ որոշ բուժհաստատություններում առկա տեխնիկան պիտանի չէ պատշաճ բժշկական հետազոտության համար: Չի ապահովվում մեկ այցելուին ընկնող հիվանդասենյակային նույնաչափ մակերեսը, դրսեւորվում է խտրական վերաբերմունք:

Բուժհաստատություններում ջեռուցման ժամանակաշրջանում չի ապահովվում բաժանմունքների լիարժեք ջեռուցումը, բոլոր բուժհաստատությունների շենքային պայմանները կարիք ունեն ոչ միայն վերանորոգման, այլ նաեւ նոր տիպային շենքերի, շինությունների կառուցման:

Չի ապահովված այցելուների նամակների գաղտնիությունը, տեսակցության ժամանակ հաղորդակցման գաղտնիությունը: Բուժհաստատություններն ապահովված չեն գրքերով, թերթերով, ամսագրերով: Այստեղ անբավարար է ինչպես հոգեբանների ներգրավվածությունը, այնպես էլ նրանց ծառայության մակարդակը։ Դեղորայքի որակը եւ արդյունավետությունը չեն համապատասխանում այցելուների բուժման կարիքներին, տարիների ընթացքում դեղերի տեսականին չի փոխվում, անբավարար է բուժսարքավորումներով բուժհաստատությունների ապահովվածության վիճակը, կրտսեր բժշկական անձնակազմը չունի հատուկ մասնագիտական կրթություն եւ վերապատրաստում, այցելուների մահացության եւ ինքնասպանության դեպքերով քրեական գործեր չեն հարուցվում եւ այլն:

Մենք նման երկար-բարակ թվարկում արեցինք այն պատճառով, որ այս հիվանդություններն ունեն շատ մեծ տարածվածություն: Աշխարհում նեւրոզներով հիվանդ է մարդկանց 80 տոկոսը: Դրանք տարբեր դրսեւորումներ ունեն՝ դեպրեսիա, գլխացավ, անքնություն, աշխատունակության անկում, վախ, տագնապներ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, 2020-ականներին նեւրոզով մահացության դեպքերը ողջ աշխարհում արդեն երկրորդ տեղում կլինեն: Ի վերջո, բոլոր հիվանդությունների պատճառը սթրեսն է:

Այսինքն՝ սա փաստում է, որ պետությունը պարտավոր է հատուկ ուշադրություն դարձնել:
Մեր երկրում քչերն են սթրեսների ժամանակ դիմում բժշկի, հոգեբույժին կամ հոգեբանին դիմելը համարում են ամոթալի: Կառավարությունը եւս սա համարել է ամոթալի բան, ինչը վկայում է նման կենտրոնների նկատմամբ պետական վերաբերմունքը: Այնինչ պետք է այսօրինակ հաստատությունները հագեցած լինեին նորմալ մասնագետներով եւ բոլոր կարգի պայմաններով, մեծ ուշադրության կենտրոնում: Մեզանում բուժման մեթոդների բացակայության պատճառներով պսիխոզները բարդացել են, նեւրոզները՝ երիտասարդացել:

Այս խնդիրները կարգավորելու փոխարեն կառավարությունը վաճառքի է հանել Նեւրոզների կլինիկան: Բայց պարզից էլ պարզ է, որ հիվանդանոցը վաճառելով՝ դեպրեսիան չես բուժի:

Մասնավորեցման վերաբերյալ գնահատականը ճշտելու համար զրուցեցինք Նեւրոզների կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանի հետ:

- Ի՞նչ գնահատական ունեք կլինիկայի վաճառքի վերաբերյալ:

  • Պետությունը գտնում է, որ մասնավորեցնելու դեպքում կլինիկան ավելի կզարգանա: Պայմանն էսպիսին է, որ ով էլ դառնա տնօրենը, տերը, պետք է պրոֆիլը պահպանի: Սա կառավարության քաղաքականությունն է: Եթե պրոֆիլը պահպանվի, շատ սարսափելի բան չի կատարվի: Կարեւոր է, որ հիվանդանոցը գործի:

- Հնարավոր չէ՞ր հիվանդանոցը ոտքի կանգնեցնել որպես պետական հիմնարկ, պետական միջոցներով:

  • Նախ՝ ես ոչ միայն բժիշկ եմ, այլեւ զինվորական եւ գտնում եմ, որ վերադասի հրամանը պետք է կատարել: Երկրորդը․ պետությունը գտնում է, որ չի կարող այդ բեռը տանել առաջ, ասում է, որ մեր պետության մեջ առողջապահության ոլորտում այլ պրոբլեմներ շատ կան: Գուցե մասնավորեցումից հետո լավ աշխատի: 85 թվականից հետո ոչ մի փոփոխություն այստեղ չի արվել պետության հաշվին: Մեկ անգամ վերանորոգվել է ընդունման պահին: Վերջին երեք տարիների ընթացքում արտասահմանյան ներդրողների միջոցով բավականին վերանորոգումներ են սկսվել, 40 տոկոսը վերանորոգված է: Պետությունը չի կարող օգնել, գուցե մասնավորն օգնի հիվանդանոցը ոտքի կանգնեցնելու հարցում:

- Վնասո՞վ է աշխատում:

  • Բոլոր տարիներն աշխատել է օգուտով:

- Կառավարությունը մասնավորեցումը հիմնավորում է նրանով, որ կլինիկայի ծառայությունները կազմակերպվում են նաեւ բազմապրոֆիլ երկու բժշկական կազմակերպություններում եւ հոգեկան առողջության կենտրոններում: Ձեր կենտրոնը ոչնչով չի՞ առանձնանում:

  • Մենք օգտագործում ենք եզակի բուժական մեթոդներ՝ հոգեբանական, ինչպիսին գեղարվեստն է, թատրոնը, ներկայացումները, հիպնոսը: Դեղերով նեւրոզ չեն բուժում: Մենք միակն ենք Հայաստանում, որ նման մեթոդներով է բուժում:

- Անձնակազմի գնահատականն ինչպիսի՞ն է մասնավորեցմանը:

  • Դա լուրջ բան է մեզ համար, եւ շատ դժվար է միանգամից կողմնորոշվել ու միանշանակ պատասխան տալ: Եթե ես մնամ այստեղ ղեկավար, ամեն ինչ կանեմ, որ անձնակազմը մնա եւ ծառայությունը շարունակի: Ես պոզիտիվ եմ տրամադրված: Կարեւոր չէ՝ ես լինեմ, թե ուրիշը, կարեւոր է, որ ծառայությունը շարունակվի: Սա շատ պետք է մեր հանրապետության համար: Նեւրոզները շատ-շատ են: Ոչ բոլորն են գնում բուժվելու, ամաչում են, բանը բանից անցնում է: Հայաստանում շատ բաներ ենք տեսնում, որ աշխարհում չկա: Մենք պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմը բերում է նեւրոզների աճ, մենք ունեցել ենք երկրաշարժ, որի հետեւանքները շարունակվում են, սոցիալ-տնտեսական խնդիրներ ունենք, էմիգրացիայի պրոբլեմ, կիսատ ընտանիքների պրոբլեմ: Սրանք բոլորը բերում են նեւրոզների: Պետք է հոգեբանական, հոգեթերապեւտիկ կենտրոնները պահպանվեն:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X