Նարինե Նալբանդյանն ազատության մեջ է

Վարդենիսում 2004 թվականին կատարված դաժան սպանության գործով դատապարտված կնոջը՝ Նարինե Նալբանդյանին, օրերս ազատ են արձակել Ճամբարակի դատարանի դահլիճից: Դատավոր Մնացական Հարությունյանը բավարարել է Նալբանդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի միջնորդությունը նրան պատժի կրումից ազատելու վերաբերյալ: Այս միջնորդության հիմքը ԵԴ 2015 թվականի որոշումն էր, որով սահմանվել էր, որ խախտվել է Նարինե Նալբանդյանի, նրա ամուսնու եւ դստեր արդար դատաքննության իրավունքը, չկան ապացույցներ, որ նրանք են սպանել դեռահաս Սյուզաննային։ Աղջկա մարմինը գտել էին Նալբանդյանների տան հարեւանությամբ գտնվող մազութի հորում: Նալբանդյաններին՝ ամուսիններին, նրանց դստերը՝ Արեւիկին, եւ որդուն՝ Կարոյին, խոշտանգել էին Վարդենիսի ոստիկանները, ստիպել էին իրենց վրա վերցնել սպանությունը: Բայց բավարար ապացույցներ չէին կարողացել դնել: 2 տարի պահանջվեց, որպեսզի ՄԻԵԴ որոշման հիմքով դատավճիռը բեկանվի, նոր քննություն սկսվի Գեղարքունիքի դատարանում եւ խոշտանգումների փաստով գործ հարուցվի:

Սակայն Նարինե Նալբանդյանին ոչ մի կերպ չէին ազատում, իսկ փաստաբանի միջնորդությունները մերժվում էին: Ահա՝ օգոստոսի 8-ին դատարանը, որը մի քանի նիստ առաջ մերժել էր Սաֆարյանին, բավարարեց նրա միջնորդությունը: «Մենք չէինք սպասում, որ մամային բաց կթողնեն, որ նիստից հետո նրան տուն ենք տանելու»,- ասում է Նարինեի դուստրը՝ Արեւիկը: Նարինեն եւ ընտանիքի մյուս անդամները հրաժարվում են հարցազրույցներից: «Հերիք է ինչքան գրեցին: Մեզ համար հաճելի չէ»: Սակայն դատաքննությունը դեռ չի ավարտվել: Սյուզաննա Սարգսյանի սպանությունը չի բացահայտվել: Նրա մայրը եւ եղբայրը չեն կարողանում մոռանալ դժբախտությունն ու իրենց կյանքով ապրել: Նարինե Նալբանդյանին էլ դեռ չեն արդարացրել:

Դատաքննությանը զուգահեռ ընթանում է խոշտանգումների գործը: Առերեսումներ են կազմակերպվում Նալբանդյանների եւ նրանց խոշտանգող ոստիկանների ու դատախազության աշխատողների միջեւ, որոնք ժխտում են խոշտանգումների փաստը:

Մեկնաբանություն
X