Երիտասարդ մասնագետները պահանջված չեն Փոքր Մասրիկում

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ Վերա Մանուկյանը նամակ է ուղարկել խմբագրություն։ Այն տպագրում ենք ամբողջությամբ։

«Քսանինը տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Փոքր Մասրիկ գյուղում (եւ ոչ միայն) բնակություն են հաստատել Ադրբեջանի քաղաքներից ու շրջաններից բռնի տեղահանված հայեր։ Անցած ժամանակահատվածում գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել ու այսօր էլ դասավանդում են հարեւան Նորակերտ գյուղում բնակվող վեց (նախկինում՝ ութ եւ ավելի) մանկավարժներ, երկուսը՝ Մեծ Մասրիկ գյուղից, չորսը՝ Վարդենիսից։ Ընդամենը հինգ մանկավարժ կա գյուղում, որոնցից երեքը տարածաշրջանից են, իսկ երկուսը՝ բռնի տեղահանվածներից։ Նրանցից մեկը վերջնականապես որոշել է այս սեպտեմբերին իր 71-րդ տարում անցնել վաստակած հանգստի։ Բնականաբար, սկզբնական շրջանում այդպես էլ պետք է լիներ, քանի որ փախստականների շրջանում (շարքերում) այդ ժամանակ չկային մանկավարժական համապատասխան կրթություն ունեցող մասնագետներ։

Անցած տարիների ընթացքում գյուղում ծնվել եւ մեծացել է մի նոր սերունդ, որոնցից ոմանք ընդունվել եւ ավարտել են տարբեր ուսումնական հաստատություններ, ստացել բարձրագույն կրթություն, սակայն աշխատանք չունենալու պատճառով մատնվել են անգործության։ Որքանո՞վ է ճիշտ, որ քո գյուղում ծնված ու մեծացած, կրթություն ստացած երիտասարդը մնա առանց աշխատանքի, իսկ դրսից եկածները տարիներ շարունակ ապահովված լինեն աշխատանքով, հատկապես որ նրանց շարքերում կան նաեւ կենսաթոշակառուներ։ Գուցե ինձ հետ համամիտ չլինեն հարգարժան մանկավարժները՝ գտնելով, որ նրանք սկսնակ են, չունեն փորձ ու հմտություններ։ Այն ի վերուստ չի տրվում, ի ծնե չէ, պետք է աշխատես, որպեսզի փորձ ձեռք բերես։ Չպետք է մոռանալ, որ գալիս է մի ժամանակաշրջան, երբ պետք է դիրքերդ զիջես երիտասարդներին։ Գիտեմ, որ անասելի ծանր ու դժվարին է թողնել սիրած աշխատանքը (եթե, իհարկե, սիրված է), աշխատավայրն ու կոլեկտիվին, բայց իրականությունը դա է, ու պետք է հաշվի նստել դրա հետ։

Եթե չեմ սխալվում՝ ինը կամ տասը տարի առաջ Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետն ավարտեց համակրելի արտաքինով, լուրջ ու հավասարակշռված մի երիտասարդ, որը մինչ օրս էլ չարժանացավ իր իսկ դպրոցում աշխատելու իրավունքին։ Վստահ եմ ու համոզված, որ եթե նրան տեղ հատկացնեին աշխատելու, ապա հիմա նա կունենար ոչ միայն աշխատանքային բավականին փորձ, այլեւ ազնիվ ճանապարհով կարժանանար դպրոցի տնօրեն աշխատելու պատվին։ Այդ նույն ինստիտուտը գերազանցությամբ ավարտած սանուհին նույնպես անտեսվեց։ Երեւանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը կարմիր դիպլոմով ավարտած շատ խելացի, ուշիմ սանուհուն կարելի էր ոչ միայն իրավագիտության ժամեր հատկացնել, այլեւ վստահել տարրական դասարան, եւ նա մեծ պատասխանատվությամբ, ամենօրյա հետեւողական եւ տքնաջան աշխատանքով, մինչեւ փոքրիկների դպրոցն ավարտելը, կփոխանցեր հարուստ գիտելիքներ եւ այն ամենը, ինչն անհրաժեշտ է այսօրվա սերնդին։ Երեք քույրեր, ավարտելով Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, այլեւս չվերադարձան գյուղ․․․

Ե՛վ դպրոցի կոլեկտիվը, ե՛ւ գյուղացիները մի բան պետք է հստակ իմանան՝ շրջանավարտներին տեղ տալն իրենց իսկ դպրոցում օրինակ կծառայի մյուսների համար։ 5-6 տարի առաջ Ռազմական ինստիտուտի (հիմա արդեն՝ համալսարան) շրջանավարտը Լոնդոնում մեկ տարի ուսանելուց հետո համալրեց մեր բանակի սպաների շարքերը, եւ նրա օրինակով այսօր Իտալիայում եւ Հունաստանում ռազմական գիտելիքներ ստանալուց հետո երկու կուրսանտներ եւս կծառայեն իրենց հայրենիքին։ Գյուղի երկու երիտասարդները մի քանի օր է, ինչ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելով, իրենց իսկ ընտրությամբ առաջնագծի զորամասերից մեկում անցել են աշխատանքի։ Անկեղծ բարեմաղթանքներ ու հաջողություններ եմ հղում ինչպես գյուղի, այնպես էլ համալսարանի բոլոր շրջանավարտներին իրենց դժվարին ու անչափ պատասխանատու գործում։

Փոքր Մասրիկը սահմանամերձ է։ Սարերի այս կողմում մեր, իսկ նրանց դիմաց վխտացող ադրբեջանական պայմանագրային դիրքապահներն են։ Զինվորական ծառայությունից հետո աշխատանք չլինելու պատճառով երիտասարդներն ընկնում են անտանելի վիճակի մեջ։ Այս տարվա գարնանը նրանցից շատերն առաջին անգամ մեկնեցին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Լուրերը հուսադրող չեն։ Անծանոթ երկիր ու միջավայր, լեզվի ոչ լիարժեք տիրապետում, մասնագիտության բացակայություն։ Բնականաբար, նրանք արդյունքի հասնել չեն կարող։ Գուցե ոմանք կարծում են, թե սեփական նախաձեռնությամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքի։ Այդ գյուղում հնարավոր չէ ո՛չ անհատական ուժերով, ո՛չ էլ կոլեկտիվ ինչ-որ արդյունքի հասնել։ Չկան ոռոգման համակարգ, խոտածածկ արոտավայրեր, ցածր է կավահողի բերքատվությունը։ Շատ մեծ գումարներ են անհրաժեշտ, իսկ ոչ ոք վարկ վերցնելու ռիսկի չի դիմում։ Գուցե մեր երկրի ղեկավարությունը, իրավասու կազմակերպություններն օգնեն, աջակցեն, ուղիներ ցույց տան գյուղի երիտասարդությանը։ Չէ՞ որ գյուղը շեն պահողը, գյուղին շուք ու հմայք տվողը երիտասարդությունն է»։

Մեկնաբանություն
X