Նոր մանրամասներ Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց հնչել են կրակոցներ, կա սպանված։ Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպանվածը Ալավերդու բնակիչ է՝ 1974թ ծնված Գ․Մ․-ն, վիրավորը նույնպես Լոռու մարզի բնակիչ է՝ 1974թ ծնված, նրան տեղափոխել են հիվանդանոց եւ բժշկական օգնություն ցուցաբերել։ Իսկ թե ինչ նախնական վարկածներ կան, Ահարոնյանը չնշեց՝ ասելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Այս պահին Վերնիսաժի տարածքում կա ավտոմատ, ատրճանակ, դեպքի վայրում էլ ընկած է փամփուշտ։ Բազմաթիվ ոստիկանները շրջափակել են տարածքը։ Ականատեսներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը միայն լսել է կրակոցները, որից հետո կքանստել է։ Մի կին էլ եկել էր դեպքի վայր՝ պահանջելով՝17-ամյա իր աղջկան ոստիկանները բաց թողնեն, ում, կնոջ խոսքով, որպես ականատես տարել են հարցաքննության։ «Երեխայիս հետ նստած էի կողքի այգում, երեխան փորձել է մոտենալ, մտածել է, թե հրավառություն է»,-ասաց կինը՝ պնդելով, որ երեխան չի տեսել, թե ինչպես է մարդ սպանվել, միայն երկու տղամարդ է տեսել Վերնիսաժի ցայտաղբյուրի մոտ։

Ոստիկանությունը դեպքի վայրը սահմանազատել է ժապավեններով, եւ Թուֆենկյանում կայանած զբոսաշրջիկները, ովքեր թռիչքից ուշանում են, չեն կարողանում մտնել հյուրանոց իրենց ճամպրուկների ետեւից։

Մեկնաբանություն
X