Բաց նամակ ոստիկանապետին

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք անընդհատ բնակիչներից ահազանգեր ենք ստանում այն մասին, որ բնակելի վայրերում կրակում են շների վրա: Բնակիչներից ոմանք տվյալ պահին ահազանգել են ոստիկանություն եւ ստացել պատասխան, որ ոստիկանությունը տեղյակ է: Խնդրում ենք պաշտոնապես պատասխանել. տեղյա՞կ է արդյոք ոստիկանությունն այդ գիշերային կրակոցներից: Եթե այո, ապա ո՞ւմ կողմից է դա իրականացվում: Եթե ոչ, ապա ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ:
Ստացվում է, որ.

  • կամ անհայտ անձինք բնակելի վայրում անարգել օգտագործում են զենք, ու ոստիկանությունը կարծես չի տեսնում եւ չի լսում

  • կամ կոնկրետ կառույց է զբաղվում այդ հարցով, ոստիկանությունը տեղյակ է եւ տվյալ կառույցի հետ միասին խախտում է օրենքները:

Որպես թեմայի հետ կապված տեղեկատվություն, կցանկանանք նշել, որ ինքներս հասկանում ենք ոհմակների կուտակման խնդիրը, ինքներս դեմ ենք, որ բակերում լինեն ոհմակներ: Սակայն մեր երկրի ավելի քան 15 տարվա կրակելու փորձը ցույց է տալիս, որ սպանդը չի բերում ցանկալի արդյունքի, սպանդը չի լուծում ոհմակների խնդիրը:

Հակառակը, ամեն տարի ոհմակների թիվն ավելանում է, ու տեսակը դառնում է ավելի ագրեսիվ: Որպես բարեգործական ՀԿ՝ մենք մեր ռեսուրսներով ու նվիրատվություններով բակ առ բակ լուծում ենք այդ խնդիրը՝ ամեն բակում 1 ստերջացված շուն թողնելով: Եթե բակում կա ստերջացված շուն, այդ բակում չեն կուտակվում ոհմակներ: Մենք այս հարցը լուծում ենք մարդկային մեթոդներով եւ հիմնովին: Այն բակերում, որտեղ մեր ստերջացված շներն են, մարդիկ երբեք չեն բողոքում ոհմակներից:

Թափառող կենդանիների հիմնախնդրով զբաղվում է «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն, որն ամեն տարի շահում է տենդերը: Ըստ տենդերի, անգամ վնասազերծումը պետք է կատարվի նրանց կլինիկայում՝ քնեցման մեթոդով: Խոսք չի կարող լինել բնակելի վայրերում կրակոցներով վնասազերծելու մասին: Հետեւաբար, նրանք հրաժարվում են այն փաստից, որ իրենք որեւէ կապ ունեն կրակոցների հետ: Հարց է առաջանում՝ եթե դա «Յունիգրաֆ իքսը» չէ, ապա ո՞վ է այդպես անարգել կրակում բնակելի վայրերում, եւ ինչո՞ւ է ոստիկանությունը լռում:

Օվսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր նախագահ

Մեկնաբանություն
X