Ապրիլյան պատերազմի գործողությունների մասին հարցը կտեղափոխվի քաղաքական հարթություն․ Կոստանյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթների ընթացքում առաջին ձևաչափն է, որ հայկական կողմը քննարկման առարկա է դարձրել Արցախի կարգավիճակի և դրանից բխող հարցերի լուծումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

«Այս պահին ՄԻԵԴ-ում բավական վճռական փուլ է սկսվել, քանի որ այնտեղ կան թե ապրիլյան պատերազմի գործողությունների մասին հայցը, թե Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովի հայցը։ Այդ հարցերի շրջանակում մենք քննարկում ու ներկայացնում ենք բոլոր այն փաստարկները, որոնք ըստ էության հիմնավորում են, որ Արցախի Հանրապետությունն ունի պետությանը վերաբերող ու պետությանը բնութագրող բոլոր հատկանիշներն անխտիր։ Սա իր հետևանքն ունենում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական առումով։ Ինչո՞ւ, որովհետև Եվրոպական դատարանի վճիռները կատարվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից, իսկ Նախարարների կոմիտեն արդեն քաղաքական մարմին է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին դատախազ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Նա, հիշեցնենք, ԵԽ Նախարարների կոմիտեում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, ուստի տեղեկարեց, որ իրավական ընթացակարգերով քննարկումներից հետո հարցն անմիջապես կտեղափոխվի քաղաքական հարթություն, այսինքն՝ ԵԽ Նախարարների կոմիտե։ «Այս աշուն և հաջորդ գարնանը բավականին ակտիվ փուլ ենք մտնում հենց այդ մարմիններում աշխատանքի համատեքստում և ավելի ուշ այդ հարցի հետ կապված դետալային մանրամասներ կներկայացնենք», - ասաց Գևորգ Կոստանյանը։
Պատգամավորը չբացառեց, որ այդ ճանապարհին կարող են խոչընդոտներ լինել:

«Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մեր հարևան երկիրը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներն է գործադրում ոչ միայն խոչընդոտելու, այլև հակառակ արդյունքներն ապահովելու համար։ Բայց ձեզ հիշեցնեմ մի քանի ամիս առաջվա դեպքը, երբ Նախարարների կոմիտեում քվեարկության դրվեց Չիրագովի և Սարգսյանի վերաբերյալ վճիռների կատարման վերաբերյալ Կոմիտեի որոշումը և 36 պետություն պաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը, իսկ Ադրբեջանի առաջարկած փոփոխություններին կողմ էր միայն Ադրբեջանը։ Անգամ Թուրքիան ձեռնպահ քվեարկեց։ Այսինքն՝ մենք շատ հետաքրքիր գործընթացի մեջ ենք ու անելու ենք առավելագույնը՝ անկախ նրանից, թե դիմացի կողմը ինչ չափով է խոչընդոտում», - նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Մեկնաբանություն
X