Հանցավոր անգործություն

Երեկ մեր խմբագրությունից մոտ 100 մետր հեռավորության վրա ավտոմատային կրակահերթից մարդ սպանվեց, մի անձ էլ՝ ծանր վիրավոր, տեղափոխվեց հիվանդանոց։ Դեպքից տառացիորեն րոպեներ առաջ մեր աշխատակիցը, որը մի քանի ամսից մայրանալու է, անցել էր այդ վայրով եւ երեկ ողջ օրն ուշքի չէր գալիս ապրած շոկից։ Սպանությունից հետո տարածքը լցվեց ոստիկաններով, որոնք ողջ օրը պարապ-սարապ կանգնած էին ժապավեններով փակված փողոցում, մինչդեռ անելիք ունեին ոչ այնքան դեպքից հետո, որքան դեպքից առաջ։ Սպանվողը, հավանաբար՝ նաեւ մարդասպանները, Լոռվա Ալավերդի քաղաքից էին, որտեղ վերջին տարիներին՝ 2015, 2016 թվերին, սպանությունների շարք է իրականացվել՝ վենդետան հասնելով մինչեւ մեր օրեր։ Անհասկանալի է, թե ինչով է զբաղված ոստիկանությունը, եթե ապօրինի զենքով, հանցավոր մտադրություններով մարդիկ տարիներ շարունակ կրակում են միմյանց վրա՝ մարդկային կյանքեր խլելով եւ վտանգ ստեղծելով հասարակության համար։ Անհասկանալի է, թե ինչով են զբաղվում հատուկ ծառայությունները, որոնք չեն հետեւում, չեն գաղտնալսում վենդետայի կողմերին եւ չեն կարողանում կանխել նման ողբերգությունները։ Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապա շատ լավ էլ հասկանալի է՝ նրանք զբաղված են փող աշխատելով, լիանազուրաբյաններին բացահայտելով, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց հալածելով։ Կալանավայրում այսօր պետք է լինեին ոչ թե Ժիրայր Սեֆիլյանն ու Անդրիաս Ղուկասյանը, Գեւորգ Սաֆարյանն ու Վահան Շիրխանյանը, այլ Ալավերդու բանդան։ Զբաղված են նաեւ շոուներ կազմակերպելով․ ոստիկաններին պարգեւատրելով, իշխանությանը ծառայություն մատուցած քննիչ-դատախազներին կոչումներ շնորհելով, ծառատունկ ու շուրջպար կազմակերպելով, շարքային գողերին բացահայտելով ու հպարտ ռելիզներ տարածելով։

Մեկնաբանություն
X