Որոնք են Համահայկական խորհրդի քողարկված նպատակները

Սեպտեմբերի 18-20-ը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում պետք է ձեւավորվի Համահայկական խորհուրդ։ Դեռեւս շատ բան հայտնի չէ այդ խորհրդի անելիքների, նպատակների մասին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է միայն փոքր-ինչ լուսավորել, որ այն կլինի խորհրդատվական կառույց եւ ազդեցություն չի ունենա Հայաստանում որոշումների կայացման վրա, եւ որ դեռեւս 20 տարի է՝ քննարկվում է նման խորհուրդ ստեղծելու հարցը․ «Մենք չենք կարող այնպիսի մի մարմին ստեղծել, որը պարտադիր լինի Սփյուռքի, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության համար: Դա բացառվում է։ Ցավոք, ճակատագրի բերումով աշխարհասփյուռ ենք դարձել, եւ այս ներուժը, հնարավորությունները համախմբելու, կազմակերպելու, միասնական ձեւով ինչ-որ հարցադրումներին անդրադառնալու կարիք կա»։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն էլ դրան «բարոյականության կենտրոն» բնորոշումն է տվել, որը, նրա խոսքով, կմիավորի հայ ժողովրդի բոլոր շերտերին։ Իրականում պարզ է, որ Սփյուռքից իշխանության ակնկալիքները ոչ այնքան խորհրդակցական են, որքան շոշափելի, նյութական։ Սա Սերժ Սարգսյանի գաղափարն է։ Ստեղծվելիք խորհրդի մի քանի նպատակների մասին է խոսվում։ Նախ 2018-ին ընդառաջ Սերժ Սարգսյանի վարչապետության գաղափարը համազգային մակարդակի հասցնելու համար, երկրորդ՝ ղարաբաղյան հիմնահարցի ոչ հայանպաստ հանգուցալուծման դեպքում Սփյուռքում ընդվզումը զսպելու համար, բնականաբար՝ ներդրումների նոր հնարավորություն եւ, որ ամենակարեւորն է՝ երկարաժամկետ հատվածում Սփյուռքի երիտասարդներին ներգրավել բանակային ծառայությանը։ Այս եւ այլ հարցերի մասին լսեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

- Պարոն Բաղդասարյան, կարծես թե Սերժ Սարգսյանի մտահղացումն է Համահայկական խորհուրդ ստեղծելը, ովքե՞ր են լինելու այդ խորհրդի կազմում, ի՞նչ գործառույթներ է խորհուրդն ունենալու, եւ ինչո՞ւ որոշվեց հիմա նման խորհուրդ ստեղծել։

  • Դեռեւս մանրամասն չեմ կարող խոսել խորհրդի ֆունկցիաների մասին, այսօր ԳՄ նիստում, հավանաբար, կքննարկենք այդ հարցը։ Իսկ ստեղծվեց, որովհետեւ խնդիր կա ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, ներդրումների առումով սերտացնել մեր համագործակցությունը։ Այդ մարմինն առավել եւս կամրապնդի այդ հարաբերությունները։

- Եթե հիշում եք, նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերն առաջ էին քաշում երկպալատ խորհրդարանի գաղափարը, որպեսզի Սփյուռքի հայրենակիցները ձեւավորեն ստորին պալատը եւ մասնակցություն ունենան Հայաստանի կառավարման գործերին։ Դրանից առաջ՝ սահմանադրական փոփոխությունների ընթացքում էլ կարծես նման մտադրություն կար, ստացվում է, որ մենք չցանկացանք, որ մեր հայրենակիցները ձայնի իրավունք ունենան, մինչդեռ ներդրումների եւ այլ նպատակներով նրանց ենք հիշում։

  • Երկպալատ խորհրդարանը շատ տարբեր հասկացություն է՝ Սփյուռքի գաղափարների հետ կապված, բավականին արդարացված է, օրինակ, Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Դա այն նպատակով է, որպեսզի կարողանանք խնդիրները բաժանել՝ ներքին խնդիրներ, այսինքն՝ համայնքային, տարածքային եւ քաղաքական խնդիրներ։ Եվ այդ քննարկումը եղել է ու միշտ արդիական է։ Սակայն փոքր երկրներում երբ քննարկում ենք հարցը, մտորումների տեղիք է տալիս՝ երկպալատ խորհրդարանի նպատակների արդարացման առումով։ Դրա ձեւավորման ջատագովներից էլ ես եմ եղել դեռեւս 90-ական թվականներից, իսկ Սփյուռքի հետ այլ մոտեցում կար, այնտեղ կար Արեւմտահայերի խորհրդարան եւ այլն։ Այսինքն՝ խորը ուսումնասիրության կարիք կա, քանի որ երկպալատ համակարգը դեռեւս չի նշանակում Սփյուռքի ընդգրկում։ Եվ հետո՝ տեխնիկական խնդիրներ կարող էին առաջ գալ, թե ինչպես պետք է ընդգրկվեն Սփյուռքի ներկայացուցիչները, աշխատեն, դա մեկ-երկու օրվա քննարկելու հարց չէ։ Ենթադրենք՝ մենք ստեղծեցինք, բայց արդյոք կարո՞ղ էինք մեր ամբողջ Սփյուռքի պահանջները բավարարել, թե՞ պառակտություններ կմտցնեինք։ Սրանք հարցադրումներ են, որոնք պատասխաններ չունեն։

- Ստացվում է, որ մեր հայրենակիցները միայն Հայաստանին փող տալու, ներդրումներ անելու համար են մեզ պետք, իսկ երբ պետք է մասնակցեն կառավարման գործերին, խնդիրներ են առաջանում։

  • Եկեք այդ մարմնի գործունեության մասին խոսենք ավելի ուշ, քանի դեռ հստակ ճշտված չեն այդ մարմնի գործառույթները։

- Մինչդեռ կան տեղեկություններ, որ Համահայկական խորհրդի ստեղծումը մի շարք քողարկված նպատակներ է հետապնդելու, օրինակ՝ որ Հայաստանին ղարաբաղյան խնդրի լուծման ոչ հայանպաստ տարբերակ է առաջարկվում, իսկ իշխանությունն այդ խորհրդի միջոցով կարող է ազդեցություն ունենալ Սփյուռքի վրա։

  • Ես խորհուրդ կտայի բոլոր խնդիրներում չշահարկել Ղարաբաղի խնդիրը, դա կարեւորագույն խնդիր է, իսկ նման մարմինները, իմ կարծիքով, բացի նպաստելուց, որեւէ այլ նպատակ չեն կարող ունենալ։ Ընդհանուր առմամբ՝ որքան մեր կապերն ամրապնդվեն Սփյուռքի հետ, դա ավելի կնպաստի թե՛ Ղարաբաղի խնդրի լուծմանը, թե՛ ընդհանրապես երկրի զարգացմանը։

- Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում օրենսդրական ճանապարհով կամ թեկուզ այդ ստեղծվելիք խորհրդի միջոցով արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին ներգրավեք ազգային բանակում ծառայության։

  • Առայժմ նման քննարկում չկա։

- Իսկ կլինի՞, հնարավո՞ր է նման բան։

  • Նման դեպք եղե՞լ է, որ ես որեւէ բանի մասին խոսեմ եւ կատեգորիկ բացառեմ։ Եթե քննարկումներ լինեն, ես կխոսեմ նաեւ հնարավորությունների մասին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X