Զրույց` մենք մերոնցով

«Արեւելյան գործընկերություն». այս բառակապակցությունը, որով բնութագրվում է Եվրոպայի եւ, առհասարակ, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մի ուղղությունը, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ «Արեւելյան արշավանք»: Այն սկսվել է Արեւելյան Եվրոպայի երկրների «գործընկերացմամբ» եւ շարունակվում է նաեւ այսօր, ընդհուպ Հայաստանի սահմանների մոտ: «Գործընկերացվելու» հերթը մեզ է հասել, ինչպես ասում են:

Բիրտ ու բռի ժամանակներում, երբ փորձում էին որեւէ երկրի «գործընկերացնել», տանկերն ուղիղ քշում էին այդ երկիր: Ժամանակին այդպես են Գերմանիայի «գործընկեր» դարձել Ավստրիան, Չեխոսլովակիան, Լեհաստանը, նույնիսկ՝ Ֆրանսիան: Անգլիային Գերմանիայի հետ «գործընկերացումից» փրկեց ծովը եւ, իհարկե, ամենակարող Չերչիլը, ով կարողացավ Գերմանիային համոզել, որ նրա իսկական «գործընկերը» բոլշեւիկներն են, ու պետք է սկսել ԽՍՀՄ-ի «գործընկերացումը»:

Հիրավի զարմանալի պատմություն ունի Եվրոպան: Աշխարհի ոչ մի հատվածում այնքան պատերազմներ չեն եղել, որքան Եվրոպայում: Այդ ամենը, սակայն, մնացել է պատմության մեջ: Հրանոթները Եվրոպայում (պետք է ասել՝ ԵՄ-ում) արդեն 2 տասնամյակից ավելի է, ինչ չեն որոտում: Բայց կարելի՞ է, արդյոք, պնդել, որ Եվրոպան հրաժարվել է նորանոր երկրներ «գործընկերացնելու» իր քաղաքականությունից: Ոչ: Փոխվել է միայն մեթոդը: Այսօր էլ ԱՄՆ-ն եւ Անգլիան ԵՄ-ին մատնացույց են անում Արեւելքը, դեպի ուր պետք է ծավալվել: Չգիտես ինչու՝ ԵՄ-ին չեն թողնում ծավալվել դեպի արաբական աշխարհ, չեն թողնում, որ Բեռլինն այնպես «գործընկերացնի» Թուրքիային, որ Էրդողանն ամեն առիթով քարեր չնետի Մերկելի բոստանը:

Այս առումով ԵՄ-ի շատ մազալու «գործընկեր» դուրս եկավ Ուկրաինան: Հարցն այն չէ միայն, որ Ուկրաինայում առկա կոռուպցիայի մակարդակը լիուլի բավարար է ԵՄ-ն կեղտի մեջ թաղելու համար: Դա հաղթահարելի խնդիր է: Իսկ ինչպե՞ս հաղթահարել Ուկրաինայի իշխանությունների համառությունը, որով նրանք ընդդիմանում են ռուսական գազի՝ դեպի Եվրոպա տարանցմանն ու ամեն անգամ նորանոր արգելքներ ստեղծում: Ո՞ւմ է ծառայում ԵՄ-ի հետ ասոցացված Ուկրաինան: Պարզվում է՝ ԱՄՆ-ին, որ մի կողմից, կարծես, նպաստեց Ուկրաինայի «գործընկերացմանը», բայց մյուս կողմից էլ այդ երկրի տարածքը փակ է պահում ԵՄ-ի առաջ, որպեսզի սեփական գազը տանկերներով հասցնի Եվրոպա: ԵՄ-ն հանկարծ նկատեց, որ Ուկրաինայի հետ այս ողջ աղմուկից հետո մնացել է ձեռնունայն, իսկ միակ օգուտն էլ այն է, որ ազատ վիզայի ռեժիմ է սահմանել մի երկրի հետ, որի բնակչության 80 տոկոսը, մեր լեզվով ասած, սոված է: Այո, սոված, անաշխատանք, կոռումպացված իշխանությունից զզված, պարտություններից հոգնած:
Եվ մինչ Եվրոպան խարխափում է «Արեւելյան գործընկերության» փառահեղ ծրագրի լաբիրինթոսում, ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացնում է իր արաբական գարունները՝ տիրելով ամբողջական տարածաշրջանների, որոնք ժամանակին հենց Եվրոպան սնող արյունատար անոթներ են եղել՝ Եգիպտոս, Իրաք, Սիրիա, Լիբիա…

Ու մեկ էլ հանկարծ Brexit, որոտ անամպ երկնքում, չերչիլյան հանճարեղ քայլ: Եվ դա հենց այն ժամանակ, երբ ԵՄ-ն ամբողջովին ներքաշվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հորձանուտը: Պատմությունը կրկնվո՞ւմ է: Այո, պատմությունն ունի այդպիսի հատկություն: Փառք Աստծո միայն, որ ԵՄ «Արեւելյան նոր արշավանքն» այսօր տանկերով ու հրանոթներով չի զուգակցվում:

Պատահականությո՞ւն է, որ հենց ԱՄՆ դեսպանն է ցանկանում տեսնել՝ ինքնիշխա՞ն երկիր է Հայաստանը, թե՞ որոշումներ է կայացնում դրսի ազդեցության տակ: Պատահականությո՞ւն է, որ ՄԽ հենց ամերիկացի համանախագահն է հայտարարություն անում Արցախի հարցի կարգավորման մասին, երբ Սոչիում հանդիպում են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները: Սա նշանակում է, որ ԱՄՆ հետաքրքրությունները, կապված Հայաստանի հետ, փոքր չեն, միայն թե ԱՄՆ-ն չի կարողանում բացահայտ խոսել դրանց մասին: Եվ այստեղ է, որ անդրօվկիանոսյան երկրին օգնության է հասնում «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը՝ որպես միջանկյալ էտապ՝ Հայաստանը, Ուկրաինայի օրինակով, «գործընկեր», ավելի ստույգ՝Ռուսաստանի նոր հակառակորդ, ԵՄ-ի նոր «գլխացավանք» դարձնելու համար:

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունեն ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունները: Նկատենք, որ այդ երկու ուղղություններով էլ Արեւմուտքը շատ զգոն է գործում՝ ունենալով հզոր լծակներ թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի վրա: Բավական է մի փոքրիկ ջերմացում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, եւ Լոնդոնում լույս տեսնող ամսագիրը հոդված է տպագրում Ալիեւի ընտանիքի բուն զբաղմունքի՝ կեղտոտ փողեր լվանալու մասին: Ավելի վաղ Ադրբեջանի բազմաչարչար ժողովրդին ցուցադրել էին իրենց նախագահի ու նրա անչափահաս որդու ունեցվածքը Դուբայում: ԱՄՆ-ն կարող է նաեւ իր մոտ պահել թուրք ընդդիմադիր քարոզչին եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ մերձենալ փորձող Թուրքիան հենց այդ քարոզչին է մեղադրում մեկամյա վաղեմության հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Սա չի՞ նշանակում, որ հենց ԱՄՆ-ն է կանգնած այդ հեղաշրջման փորձի հետեւում, որով Էրդողանն ընդամենը մի փոքր նախազգուշացվեց՝ Պուտինի ոտքերի տակ պառկելու տխուր հեռանկարից: Իսկ Իրաքում քրդերի անկախության առաջիկա հանրաքվեն ու Թուրքիայի հետագա մասնատման հեռանկա՞րը: Այս ամենը լծակներ են, որոնց ազդեցությունը թոթափել Ադրբեջանը եւ Թուրքիան չեն կարող:

Ռուսաստանի հարաբերությունների ցանկացած ջերմացում մեր ոխերիմ հարեւանների հետ տրամագծորեն նեգատիվ արձագանք է ունենում Հայաստանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Դա, իհարկե, հասկանում է նաեւ Մոսկվան, որտեղ, սակայն, փառասիրությունից կուրացած, տակավին չեն հասկանում, թե ինչ է թաքնված Էրդողանի «ներողության» կամ Ալիեւի «շռայլ» ռազմական գնումների ու շողոմ ժպիտի տակ:
Այս իրավիճակում Հայաստանին, թերեւս, ամենից շատ ժամանակ շահել է պետք: Լարել բոլոր ուժերը եւ ժամանակ շահել: Ի՞նչ անուն կունենա ժամանակ շահելու այդ արտաքին քաղաքականությունը՝ էական չէ: ԱՄՆ դեսպանը թող ասի՝ դրսից պարտադրված, հայ արեւմտամետները թող ասեն՝ վասալային, ռուսամետները թող ասեն՝ ռազմավարական-դաշնակցային, չգիտեմ՝ «եւ-եւ», «ոչ-ոչ», «կամ-կամ» ասողներ էլ կլինեն: Այս ամենն էական չէ այսօր: Էական չէ նույնիսկ՝ նոյեմբերին կստորագրվի՞, արդյոք, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ: Այս անգամ էլ չստորագրվի՝ բանակցությունների նոր փուլ կսկսվի, նոր փորձ կարվի: Մենք այն վիճակում չենք, որ առանց հետ նայելու կտրուկ որոշումներ կայացնենք: Խոսքը միայն ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու կտրուկ որոշումներ կայացնելու մասին չէ: Եկեք ինքներս մեզ կտրուկ չհամոզենք, որ ԵՄ-ն լավն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ վատը, ՆԱՏՕ-ն լավն է, իսկ ՀԱՊԿ-ն՝ վատը: Իսկ ո՞ւր է այն աշխատանքը, այն ջանքը, որով փորձել ենք ԵԱՏՄ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից առավելագույն օգուտ քաղել ու չենք կարողացել: Մենք իրականում այդ կառույցներից ստանում ենք միայն այն, ինչ մեզ տալիս են որպես ողորմություն կամ խաչհամբույր: Մենք գիտե՞նք պահանջ դնել: Օրինակ՝ բացեք վրացական երկաթգիծը, վերադարձրեք մեր կենսական տարածքները, ելք տվեք դեպի ծով: Սա ընդամենը ՄԱԿ-ի պահանջ է, որին պետք է ենթարկվեն բոլորը, որոնց շուրթերից ամեն օր կլսես «գործընկեր» բառը, բայց որեւէ քայլ այդ ուղղությամբ չես տեսնի: Միայն մեր շահերով առաջնորդվելու դեպքում է, որ կկարողանանք շահել մեզ համար այդքան թանկ ժամանակը: Մեզ համար այս առումով լավագույն օրինակ է Պարսկաստանը:

Երեքհազարամյա պետականություն ունեցող այդ երկիրը, հենց միայն ժամանակ շահելով, տարիներ տեւած բանակցություններով կարողացավ աշխարհի հզորների հետ համաձայնեցնել իր միջուկային ծրագիրը, ընդ որոմ՝ հենց իր ներկայացրած հաշվարկներով ու նախընտրած պարտավորություններով: Եկեք չասենք, որ Իրանն ամենահզոր երկիրն էր բանակցային այդ սեղանի շուրջ, բայց միանշանակ է, որ ամենախելոքն էր: Իսկ մենք ինչ-որ տե՞ղ ենք շտապում: Կարծում եմ՝ ոչ: Մենք էլ մեր հազարամյակների պատմությունն ունենք, որը, ճիշտ է, աչքի չի ընկել պետականության ժամանակաշրջանների տեւականությամբ, բայց շատ հարուստ է իր դասերով, որոնք կբավականացնեն նորանոր հարյուրամյակների մարտահրավերներին դիմակայելու համար:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X