Իսկապես նախականխել

Տեսախցիկների առատությունը, կարմիր գծերը, լուսացույցերի տեղակայման փոփոխությունները, ճանապարհային ոստիկանության մեքենաները, տուգանքների առատությունը, այնուհանդերձ, նվազ պրոֆիլակտիկ գործառույթ ունեն: Դա են վկայում ամենօրյա ճանապարհատրանսպորտային պատահարների հեղեղը, մարդկային ցավալի կորուստները, որոնք պիտի խթանեն, որպեսզի նախականխման արդյունավետությունը գոնե մասամբ ուտոպիայից վերաճի հստակ իրականության:

Այդպես է՝ տրանսպորտային պատահարների համընդհանուր ցուցադրությունը (իհարկե՝ էթիկայի կանոնների իսպառ բացակայությամբ), տարատեսակ հաղորդաշարերի ու ռեպորտաժների կեղծ-բարոյախրատական, «բիբլիական» եղանակն իրավախախտումների կանխման եւ նախականխման հիմնարար ատաղձն են դարձել, ինչն էլ, մեծ հաշվով, զուրկ է հավաստի ներազդեցությունից, ընդհակառակը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների լուսաբանումը, դրանց սարսափները ցուցանող հաղորդաշարերն ու ռեպորտաժներն այսօր ամենասիրելի, ամենասպառելի ապրանքների շարքում են:

Ինչպիսի՞ն կլիներ այդօրինակ հաղորդաշարերի ու ռեպորտաժների ճակատագիրը, եթե պատահարները խիստ նվազեին, չլինեին մարդկային կորուստները: Իհարկե, մի «բիբլիական» ստվար հատված կկորցներ, այսպես ասած՝ հանապազօրյա հացի հնարավորությունը, իսկ նրանց երկրպագուների հոծ բանակն անելանելի թախծի մեջ գուցե ինքնասպան լիներ: Ո՞վ կարող է ասել՝ նման ռեպորտաժներից եւ հաղորդաշարերից հետո Հայաստանում քանի վարորդ է ուղղվել, վերանայել իր պահվածքը, հղկել ինքն իրեն, սերտել երթեւեկության կանոնները, համանման տեսախցիկների առկայությամբ իսկապես ի՞նչն էականորեն փոխվեց, երբ ամեն օր լրահոսը բերնեբերան լցվում է, պարզապես պայթում դեպքերի առատությունից:

Ապագա վարորդները կրթվում են դպրոցներում՝ ուսումնասիրելով երթեւեկության կանոնները, մարդկային կյանքը դիտարկելով որպես արժեք, այլ ոչ սպառման ենթակա սովորական վաճառանյութ: Մատ թափ տալով, էկրաններից արյուն ու մահ ցուցանելով, ամեն քայլափոխի պատիժ սահմանելով՝ վարորդների գիտակցությունը չես լուսավորի՝ մարդն այդպես է վարել սովորել եւ նույնկերպ էլ շարունակելու է: Պատժաչափը, պատժի անխուսափելիությունը, ամենուր պատժի խարանը նրան ետ չեն պահելու, ընդհակառակը՝ պատիժը նաեւ հակադարձում է, երբ այն վերածվում է պարզագույն հետապնդման: Դժբախտության, մահվան, հանցավորության նախականխումը (ոչ տիկնիկային թատրոնը) իրավամբ երկարատեւ, բարդ գործընթաց է, մի գիտակցություն, որը գալիս է մերժելու, այլ ոչ գովազդելու:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X