Մամուլի տեսություն

«Հայկական ժամանակ». Եկեղեցին Երևանի կենտրոնում մոտ 1.5 մլն դոլարով շքեղ շենք է կառուցել

«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի կենտրոնում՝ Իսրայելյան փողոցում, Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին տեղի կունենան շենքի բացման պաշտոնական արարողությունը:

Եռահարկ շինությունը զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք, ունի ընդարձակ բակ՝ մոտ 2 հազար քառակուսի մետր մակերեսով: Ստորև ներկայացված լուսանկարներում պատկերված շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 20 տարի առաջ, սակայն ընդհատվել են, և այս տարի նոր սկսել են մեծ թափով աշխատանքներ տանել: Տարածքում ոչ մի ցուցանակ տեղադրված չէ, թե ինչ է կառուցվում, ով է կառուցում և ում պատվերով: Մինչդեռ օրենքի պահանջ է շինարարական աշխատանք կատարելու ժամանակ տարածքում ցուցանակ փակցնել:

Մեզ հայտնի դարձավ, որ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Ալգարե» ՍՊԸ-ն: Եռահարկ շինությունը, որի մեկ հարկը ստորգետնյա է, լինելու է գեղագիտական-ուսումնական կենտրոն: Շինության ներսում կան դահլիճներ, մի ամբողջ մասնաշենք նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Փակ դահլիճից բացի կա նաև բացօթյա դահլիճ: Շենքը նաև ապահովված է վերելակով, հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց: Ի դեպ, ուսումնական կենտրոնը տեսանելի է նաև Աթենքի փողոցից, քանի որ շինությունը հենց Հրազդանի կիրճի բարձունքին է: Արարատյան հայրապետական թեմից նորակառույց կենտրոնին հասնելու համար անհրաժեշտ է անցնել մոտ 100 մետր:

Մոտավորապես՝ 1.5 միլիոն դոլար արժեցող այս շինության ներդրողներից մեկը, որոշ տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X