Ալավերդու հեղինակություն Վահագնի խնդիրն օրենքով գողերի հե՞տ է. Ալավերդին տագնապում է

Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14-ին հնչած կրակոցները մեզ կտրուկ տեղափոխեցին 90-ականների սկիզբ, երբ Երեւանի փողոցներով զինյալներ էին շրջում, եւ երեկոյան 8-ից հետո մարդիկ աշխատում էին տնից դուրս չգալ։ Նմանատիպ խոսակցություններ այսօր կարելի է լսել ամենուր։ Թվում է՝ բոլորն զբաղված են վերջին կրակոցների վերլուծությամբ, իսկ հիմնական վարկածը, քննիչներին հերթ չտալով, առաջ է քաշել մամուլը՝ Վերնիսաժի դեպքերն Ալավերդու վենդետայի շարունակությունն են։ Իրականում սա ավելին էր, քան պարզ վենդետան։ Դեպքերը հայտնի են, քննված, դատաքննված, բայց, չգիտես ինչու, հանցագործությունների շղթան չի ընդհատվում։

Վահագն Աբգարյանը ՀՀԿ-ից տուժածն է

Այս օրերին ձեւավորված համընդհանուր կարծիքների համաձայն, այդ վենդետան սկսվել է 2015 թվականի Ալավերդու քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Վահագն Աբգարյանը, որը Թուֆենկյանի մոտ վիրավորվել էր, պաշտպանում էր գործող ՀՀԿ-ական քաղաքապետ, այն ժամանակ դեռ թեկնածու Կարեն Փարեմուզյանին։ Նրա հակառակորդը՝ «Սթրոնգ Սթոուն գրուպ» ՍՊԸ տնօրեն Արթուր Աբգարյանը, եւս կողմնակիցներ ուներ, որոնք «ռազբորկաների» մեջ էին քաղաքում հեղինակություն վայելող Վահագն Աբգարյանի ու նրա տղաների հետ։ Ալավերդու հին բնակիչները, անցուդարձին տեղյակ անձինք չեն հավատում, որ վեճը քաղաքական է։ Նրանք համոզված են, որ Վահագնը կարգին տղա է։ «Նա քրեական տարրերին սսկացրած է պահում։ Իր դեմ է հանում գողերին ու նրանց «վեցնոցներին»։ Եթե նա չլիներ, նարկոմաններն ու շենքերի պատերի տակ պպզողները գլուխ կբարձրացնեին։ Դրա համար էլ ատում են Վահագին»,- ասաց իրավապահ ոլորտի մեր աղբյուրը։ Վահագն Աբգարյանի ծնողները մտավորականներ են, ոչ գավառական մակարդակի։ Հայրը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, մայրը՝ Անահիտը, լրագրող, հրապարակախոս, աշխատել է Երեւանում՝ «Ավանգարդ» եւ «Խորհրդային Հայաստան» թերթերում, հետո ինչ-ինչ պատճառներով վերադարձել է Ալավերդի։ Ընտանիքը դաշնակցական հայացքներ ունի։

Ո՞վ է Վահագն Աբգարյանը

Վահագն Աբգարյանին ճանաչողներն ասում են, որ մինչեւ 7-8-րդ դասարանը նա գերազանցիկ է եղել, բայց գայթակղվել է փողոցային բարքերով, շրջապատ է ընկել։ Բավականին երկար տարիներ բացակայել է Հայաստանից։ Լավատեղյակներն ասում են, որ Ուկրաինայում զբաղվել է հանքարդյունաբերությամբ եւ հայրենիք վերադարձել է որպես մեծ հարստության տեր։ Վերադառնալուց հետո Երեւանում էր բնակվում, բայց ընտանիքը՝ կինը, երեխան, ծնողները, ապրում էին Ալավերդիում։ Նա գնել է քաղաքի հյուրանոցի մի մասը, կարգի բերել եւ բարձրակարգ հյուրանոց դարձրել։ Ասում են, թե նաեւ ավտոմեքենաների լվացման եւ այլ օբյեկտներ ունի։ Ուկրաինայից հետո Վահագն Աբգարյանը հայտնվել է քրեական դաշտում։ Խոսակցությունների համաձայն, նրա կենսագրության մեջ մեծ դեր է խաղացել այն, որ նա դարձել է մայրաքաղաքի գողերից մեկի սանիկը, որն էլ նրան թեւեր է տվել։ Ալավերդու բնակիչների մի մասը հարգում են Վահագն Աբգարյանին, նրա մեջ քաղաքն անտերության մատնած իշխանությանն այլընտրանք են տեսնում, մյուսները, և նրանք մեծամասնություն են, կարծես, ատում են դաժանությա ն, քաղաքը վախի մեջ պահելու համար։ Ասում են՝ Քարինջ գյուղում փորձել է հանքի տիրանալ։ Այս հանքի համար «ռազբորկաներ» են եղել այդ կողմերում։ Հենց այս ժամանակ էլ Վահագնի շուրջը ջահելներից կրիմինալ խմբեր են ստեղծվել: Մի 7-8 տարի առաջ Ռուսաստանից մի գողական է փախել-վերադարձել Ալավերդի։ Սոխ Կարեն էին ասում նրան։ Նա խնդիրներ էր ունեցել Կալուգայում ապրող գող Արման Կալուժսկու (Ջանինյանի) հետ։ Վահագն Աբգարյանը թեւի տակ է առել Սոխ Կարենին։ Բայց վերջինս սպանվել է։ Դրանից հետո սկսվել է սպանությունների շարքը։ Այս ամենը շրջանառվող լուրեր են, որոնց մանրամասները հասկանալի պատճառներով, ճշտելը բարդ է։ Պատմում են նաեւ, որ Վահագնը բարդ հարաբերություններ է ունեցել մարզի իշխանությունների, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, բայց մշտապես փորձել է շտկել դրանք, իսկ Նալբանդյանը խուսափել է։ Ահա ինչու Վահագն Աբգարյանն ուղիղ կապեր է հաստատել երեւանյան քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների հետ, որոնց միջոցով էլ ՀՀԿ վերնախավից հանձնարարություն է ստացել նախագահական վերջին ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին «աշխատել ջահելների շրջանում», ինչը եւ հաջողությամբ գլուխ է բերել՝ «ջահելների» թիմ հավաքելով։ Քաղաքապետի ընտրության ժամանակ էլ նույն կիսագողական թիմով պաշտպանել է գործող քաղաքապետին։

Վահագնի հետեվից ընկած են․ երեք մահափորձ և ոչ մի պատվիրատու

Պետք է ընդունել, որ Վահագն Աբգարյանը, ինչպես ռուսներն են ասում, վերնաշապիկով է ծնվել։ 2015 թվականին, քաղաքապետի ընտրությունների ժամանակ, նա մեկ այլ քրեական հերոսի՝ Վարդան Փիրուզյանին ծեծել էր նրա տան շքամուտքի մոտ։ Մի քանի ամիս հետո Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ էր «կազմակերպվել» Վահագնի զրահապատ «Համերի» ուղղությամբ։ Վահագնը մեքենայի մեջ չէր եղել, ղեկին թիկնապահ Էդուարդ Պողոսյանն էր եղել։ Ոչ ոք չէր տուժել: Էդուարդ Պողոսյանը մահացավ 2016 թվականի մայիսի միջադեպի արդյունքում։ Կեսգիշերին Վարդան Փիրուզյանը կրակել ու սպանել էր նրան և Աբգարյանի մյուս թիկնապահին՝ Վարդան Ավագյանին: Աբգարյանը կրկին կենդանի էր մնացել, իսկ Փիրուզյանը մինչ օրս հետախուզման մեջ է։ Այնպես որ՝ սեպտեմբերի 14-ին արդեն երրորդ անգամ նրա բախտը բերեց։ Կասկածյալների անունները հրապարակվեցին հաջորդ օրը՝ 6-րդ թաղամասի բնակիչ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյան, Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ 35-ամյա Ալբերտ Բլբուլյան եւ Անդրանիկի փողոցի բնակիչ 33-ամյա Արմեն Կարադավիդով։ Մեր տեղեկություններով, Ալբերտ Բլբուլյանը քաղաքապետի պարտված թեկնածու Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի մանկության ընկերն ու մերձավորն է։ Իսկ Արմեն Կարադավիդովը, որը երկրորդ ալավերդցի կասկածյալն է, անցել է «Համերի» ուղղությամբ կրակոցների գործով, սակայն քննության ընթացքում որեւէ կարգավիճակ չի ստացել։

Ի՞նչ են արել իրավապահներն այս երեք դեպքերով։ Արդյոք, եթե բացահայտումները լիարժեք լինեին, սպանությունները կշարունակվեի՞ն։

Թե ինչի համար է Վահագն Աբգարյանը ծեծել Վարդան Փիրուզյանին և էլ ինչ դաժան հաշվեհարդարներ է իրականացրել, իրավապահները լռում են։ Որեւէ միջադեպ, որում Վարդան Փիրուզյանը հանդես գա որպես տուժող, չի գրանցվել։ «Համերի» վրա կրակոցների գործը բացահայտվել է։ Կրակողը, ըստ դատախազության, Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Անտոնյանն է եղել, որը քաղաքապետի պարտված թեկնածու Արթուր Աբգարյանի թիմից է։ Նրան մեղադրանք է առաջադրված սպանության փորձի եւ ապօրինի զենք կրել-օգտագործելու համար։ Ով էր պատվիրատուն, ում էր ձեռնտու Վահագն Աբգարյանի մահը, քննությունը չբացահայտեց։ Գործը դեռ դատաքննության փուլում է, բայց կարելի է ասել, որ գլխավոր դերակատարների անուններ մեղադրականում չկան։ Նրանք մնացին կուլիսներում, ազատության մեջ ու շարունակեցին սեւ գործը։ Թիկնապահների սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, Վարդան Փիրուզյանը փախած է։ Նրա փաստաբանները մինչ օրս պնդում են, որ Փիրուզյանն ինքնապաշտպանվել է իր վրա հարձակում գործած թիկնապահներից։ Այս գործի լիարժեք բացահայտման հույսեր չկան։ Ալավերդիում սպասում են նոր կրակոցների։ «Առողջացավ Վահագը, նորից է սկսվելու, նրա եւ նրան ուղեկցողների մեքենաներում ինչ զենք ասես կա։ Նա նախկին միլպետներից մեկին համբուրելով է հանդիպում ու բաժանվում, ոչ մեկը չէր ասում՝ մի հատ արի, էս ի՞նչ զենքեր են։ Ինչքան հանցագործներ կային, բոլորի հետ քեֆ-ուրախություն էր»։

Օձունեցին ու Վահագն Աբգարյանը՝ թշնամինե՞ր

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Վահագն Աբգարյանի հետեւից իսկական որս են հայտարարել օրենքով գողերը։ Տրվում է Արման Կալուժսկու անունը։ Ըստ մյուս աղբյուրների, Կալուժսկին կապ չունի, եւ որ Վահագնը ֆինանսական «ռազբորկաներ» է ունեցել քրեական հեղինակություն Օձունեցու հետ, որն էլ ընկել է նրա հետեւից։ «Հենց նրա հետ հյուրանոցում, թե կաֆեում նստած են եղել, համաձայնության չեն եկել, դուրս են եկել, ու կատարվել է էդ ամենը»,- պատմեց մեզ քաղաքի իշխանական վերնախավին մոտ աղբյուրը։ Պատմում են նաեւ, որ տարիներ առաջ խնդիր է եղել նրանց միջեւ, Վահագնը ինչ-որ հարցում նրան չի ենթարկվել, նույնիսկ կոպտել է՝ ասելով, թե չի պատրաստվում նրա ասածներով շարժվել։ Օձունեցին ընտրությունների ժամանակ հովանավորում էր Արթուր Աբգարյանին։ Նա ընտրություններում ՀՀԿ-ին պարտված Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի երեխաների քավորն է։

Սյուզան
ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X