«Վրեքներս խաբար չկա»․․․

Նեղ տարիներ էին,- մայրս էր պատմում։ Գիրք գտնելը, գնելը ծանր բեռ էր։ Մի գիրք ունեի՝ մայրենի լեզվի։ Մի օր դասից եկա տուն ու լացելով հորս ասացի․
-Պապ, թվաբանության գիրք պիտի առնես։

Հայրս զարմացած ասաց․

-Այ բալա, չի՞ լինի, որ էն մի գրքով մնացածն էլ յոլա տանես․․․

Հիմա մեր վարչապետն է։ Նրա հանձնարարականով՝ նախարարությունները և առընթեր մարմինները 3-4 անգամ նվազեցրել են օրաթերթերի բաժանորդագրության համար նախատեսված գումարները։ Նեղ օրեր են, «խնայողություն է անում»։ Մեկ կամ երկու թերթով կարելի է «յոլա գնալ»։

«Խնայողության հետ մեկտեղ՝ ձեռի վրա կփակվեն» ոչ ցանկալի թերթերը ու մի աղբյուրից տեղեկատվությունը կհորդա։ Ոնց որ ուզում են, ոնց որ հարմար են գտնում։

Ի՜նչ բարեկեցիկ կյանք է, ինչքա՜ն լավ է ժողովուրդը ապրում,- կգրի միակ թերթը․․․

Հետաքրքիրն այն է, որ գնում ենք պայծառ կոմունիզմ, «վրեքներս խաբար չկա»։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X