Կալանավորված Գայանե Գալոյանը այժմ գտնվում է ԲԿ-ում` ծանր առողջական վիճակով

Այսօր հայտնի դարձավ, որ փաստաբան Գայանե Գալոյանը կալանավորվել է: Որոշ հրապարակումների համաձայն՝ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։

Գայանե Գալոյանի փաստաբան Մնացական Ղազարյանը մեզ հետ զրույցում չցանկացավ ասել, թե Գայանե Գալոյանին ինչու են կալանավորել՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում. «Ելնելով անձի անմեղության կանխավարկածի սկզբունքից, հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, ես ոչինչ իրավունք չունեմ ձեզ հայտնելու: Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանությունից»:

Մնացական Ղազարյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը եւ առարկելու է կալանավորման միջնորդության դեմ: Այս պահին Գայանե Գալոյանը գտնվում է Բժշկական կենտրոնում՝ ծանր առողջական վիճակում:
«Առողջական մի շարք խնդիրներ ունի, հիվանդությունների փունջ՝ աստմա, շաքարախտ, արյան բարձր ճնշում, զոբ եւ կանացի հիվանդություններ, որեւէ առողջ տեղ չունի»:
Հարցին՝ գործի շրջանակում այլ անձինք կալանավորվե՞լ են, Մնացական Ղազարյանն ասաց, որ այս պահին ինքը նման տեղեկատվություն չունի:

Նշենք նաև, որ Գայանե Գալոյանը մասնագիտացված է քաղաքացիական, անձի դեմ ուղղված հանցագործությունների, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում։ Ժամանակին էլ պաշտպանել է քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին՝ հայտնի Իսո մականվամբ:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X