Կալանավորված փաստաբանը իրեն մեղավոր չի ճանաչում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանը գտնվում է Բժշկական կենտրոնում՝ ծանր առողջական վիճակով։ Նրա փաստաբաններից Մնացական Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գալոյանի վիճակը շարունակում է մնալ նույնը. «Նա դեռ գտնվում է հիվանդանոցում։ Քանի դեռ բժշկական հսկողության անհրաժեշտություն կա, առավել եւս որ փաստաբան է եւ կին, կարծում եմ՝ մինչեւ վիճակը չկայունանա, նա պետք է մնա բժիշկների հսկողության ներքո»։

Մնացական Ղազարյանի խոսքով՝ կալանքի դեմ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ քրեական դատարան, Գալոյանը իր կալանավորման փաստին վերաբերվում է բացասական. «Մեղքը չի ընդունում, առարկում է մեղադրանքի դեմ։ Փորձում ենք Վերաքննիչ դատարանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը»։

Ինչպես Ղազարյանը նշեց, ելնելով նախաքննական գաղտնիքից, չի կարող ասել՝ ինչ գործի շրջանակում է կալանավորվել Գալոյանը։

Նշենք, որ որոշ հրապարակումների համաձայն՝ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։

Հիշեցնենք նաև, որ Գայանե Գալոյանը մասնագիտացված է քաղաքացիական, անձի դեմ ուղղված հանցագործությունների, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում։ Ժամանակին էլ պաշտպանել է քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին՝ հայտնի Իսո մականվամբ:

Մեկնաբանություն
X