Հարսանիք, որի մասին չեն դադարում գրել (ֆոտո)

>

Մի քանի օր է, ինչ թե հայկական, թե ռուսական մամուլը, սոցցանցերը ողողված են «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանեկան արարողության մասին նյութերով։ Քննարկվում են թե էլիտար հյուրերը, թե շքեղ արարողությունը, թե թանկարժեք զգեստները և թե հայ ու արտասահմանյան հայտնի աստղերը, որոնք ներկա են գտնվել արարողությանը։

Ովքեր են երգել

Պսակադրության արարողությանը երգել են թե հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, թե ռուսական։ Սակայն, ինչպես մամուլը գրեց, արարողության «աստղը» եղել է Էրոս Ռամազոտին։ Երգերով են հանդես եկել ռուսական շոու բիզնեսից Ֆիլիպ Կիրկորովը, Ալլա Պուգաչովան, Իրինա Ալեգրովան, Ստաս Միխայլովը, Նիկոլայ Բասկովը, Վերա Բրեժնեւան, Սերգեյ Շնուրովը, Տիմատին։ Իսկ հայկական շոու բիզնեսից հարսանիքին ներկա էին Թաթա Սիմոնյանը, Արմենչիկը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Քրիստինե Պեպելյանը, Մարգարիտա Պոզոյանը, Մարտ Բաբայանը և այլք։

Ինստագրամյան լուսանկարները փաստում են նաև, որ արարողությանը ներկա է եղել նաև Սիրուշոն։ Վերջինս սոցցանցի իր էջում հրապարակել է լուսանկարներ հենց այն ռեստորանային համալիրից, որտեղ տեղի է ունեցել հարսանիքը։

Հյուրերի «ոչ աստղային» կազմը էլ ավելի տպավորիչ է։ Քաղաքական մի շարք գործիչներ, կամ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական ողջ էլիտան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա էին նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը և այլք։ Ի դեպ, հենց Կարեն Կարապետյանն էր զույգի հարսանիքի քավորը։

Հարսնացուի շքեղ զգեստը

Նման էլիտար հարսանիքների մասին խոսելիս հայտնի դիզայներները, նորաձևության ամսագրերը և այդ ոլորտի լրագրողները առաջնային են համարում հարսնացուի զգեստը։ Այս անգամ հարսնացուի զգեստը վստահված էր լիբանանցի հայտնի դիզայներ Զուհեըր Մուրադին։ Վերջինս ինստագրամյան իր էջում գրել էր.«Չեմ կարողանում հագենալ մեր շքեղ արքայադստերը նայելուց»։

Անակնկալներ

Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկը երգ է նվիրել Սամվել Կարապետյանի նորապսակ որդուն եւ հարսին։ Երգը կոչվում է «Դու իմ հեքիաթ»։ Երգի բառերը գրել է Ավետ Բարսեղյանը։
Ոչ պակաս անակնկալ էր նաև քաղաքական էլիտայի պարը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։ Համացանցում անմիջապես հայտնվեց այդ տեսահոլովակը։

Հիշեցնենք, որ հարսանիքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին: Պսակադրությունը կայացել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Սաֆիսա» ռեստորանում։

Մեկնաբանություն
X