Արամ Առաջինը կբարձրաձայնե՞ր այդ բառերը, եթե Հայաստանում ապրեր․․․

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովում որպես թարմություն ընդունվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ելույթը։
Արամ Առաջինը մեծ հռետոր է, նման անզուգական սրնգահարի, ում նվագի տակ քարանում է ողջ հոտը։
Լսենք․

«Եկէք ըլլանք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի»։

Սա նորությու՞ն է ժողովրդի համար։ Իհարկե՝ ոչ։ Նորությունը այն է, որ բարձրաձայնում է կաթողիկոսը։ Կաթողիկոս, ով Հայաստանում չի ապրում։ Ու ահա թե ինչ բալասան է առաջարկում Արամ Առաջինը․

«Արդ, սպասելի է, որ բարեփոխեալ սահմանադրութեամբ դէպի կառավարման աւելի թափանցիկ ու հաշուետու կառոյցներ ու գործընթացներ ընթացող Հայաստանը կարենայ, նաեւ Հայաստան-Սփիւռք գործակցութեան ընձեռած կարելիութիւններու ճիշդ օգտագործումով, լուծումներ որոնել յիշեալ եւ այլ հիմնահարցերուն»։

Բարեփոխված սահմանադրություն․․․ ու նրանից բխող արգումենտները։

Արամ Առաջինի խոսքը կառուցված է համահայկական մտածողության կազմավորուման սյունի վրա․

«ՀԶՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՄՈՒՐ ԱՐՑԱԽ ու ԿԱԶՄԱԿԵՐՊ ՍՓԻՒՌՔ պէտք է դառնան մեր ազգային քաղաքականութեան ռազմավարական ու մարտավարական ուղեցոյցը»։

Ո՞ր հայի երազանքը չէ դա։ Արամ Առաջինն ասել է այն, ինչ հայ ժողովուրդն է ուզում․

«Հայրենիքը հող ու ժողովուրդ է՝ պետութիւն ու տնտեսութիւն ըլլալէ առաջ։ Հաւատարմութիւն հայրենիքին նկատմամբ վեր է ամէն տեսակ նկատումներէ։ Հետեւաբար, անհրաժեշտ է եւ անյետաձգելի՝ արտագաղթը նուազեցնելու եւ Հայաստանի բնակչութեան թուային աճը ապահովելու ձգտող քոնքրէթ միջոցներու կիրարումը։ Հարկ է ըլլալ զգոյշ։ Եթէ Հայաստանի տնտեսութեան զարգացումը ընթանայ համրաքայլ եւ փտածութեան առաջքը առնելը դառնայ դժուար, եւ միւս կողմէն՝ եթէ ժողովուրդի կենսամակարդակը չդառնայ գոհացուցիչ, արտագաղթը նոյն թափով կրնայ շարունակուիլ եւ աղքատութիւնը դառնալ աղբիւր ամէն տեսակ ընկերային ու բարոյական չարիքներու»։

Այս արտահայտությունը ևս Հայաստանում շատ «օգտագործելուց մաշվել է»։ Եվ ընդհանրապես Արամ Առաջինի խոսքերը, որոնք սրտացավ հայի խոսքեր էին ու յուրաքանչյուր հայ ամեն օր այն բարձրաձայնում է, նորություն չէր հայի համար։ Ո՞րն էր Արամ Առաջինի խոսքի մեջ նորությունը։ Նորն այն էր, որ այն բարձրաձայնում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Նորն այն էր, որ այդ նույն բառերը, թեկուզ որպես սփոփանք, չենք լսում մեր կաթողիկոսից։ Արամ Առաջինը կբարձրաձայնե՞ր այդ բառերը, եթե Հայաստանում ապրեր։

Այնուամենայնիվ ցավի մասին բարձրաձայնելը նույնպես կարեկից լինել է։ Բայց, հավատացեք, այն բուժում չէ։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X