«Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ»․ Կարեն Կարապետյան (ֆոտոշարք)

>

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ելույթ ունենալուց հետո դուրս եկավ դահլիճից ու համալիրի նախասրահներից մեկում մի քանի րոպե զրուցեց Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ։ Զրույցն ավարտելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին։

Դիտարկմանը, թե համաժողովին մասնակից սփյուռքահայերն ասում են, թե Հայաստանում արտագաղթը գնալով շատանում է և այս տեմպերով Հայաստանը շուտով կդատարկվի, վարչապետն ասաց․ «Նախևառաջ ես ուզում եմ ասել, որ միգրացիոն պրոցեսներ բոլոր երկրներում կան։ Եվ այնպիսի իրավիճակ չի լինի, որ անկախ նրանից՝ մեր կյանքը որակապես ինչքան կլավանա, միգրացիոն պրոցեսները լինելու են։ Այդ իսկ պատճառով ի՞նչ պետք է անենք, պետք է այնպես անենք, որ Հայաստանը դառնա ապահով, զարգացած երկիր»։

Այնուհետև հարցրեց վարչապետը, թե մենք կառավարության աշխատանքի ինչպիսի՞ գնահատականներից ենք կարծիք կազմում։ Լրագրողներից մեկը նկատեց՝ նրանով, որ մեր մաշկի վրա չենք զգում իրենց արած բարեփոխումների արդյունքները։
«Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշի մաշկը՝ ուրիշ։ Ո՞նց եք տարբերում։ Այդ իսկ պատճառով, հարգելի լրագրողներ, մանավանդ տնտեսական ոլորտում աշխատողներ, մենք այս մեկ ամիսը սկսել ենք հաշվետվություններ տալը և ձեզ նույնպես տալիս ենք։ Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում, տարածաշրջանում, ԱՊՀ-ում։ Դա բավարա՞ր է, որպեսզի մեր քաղաքացիների բոլոր խնդիրները լուծենք՝ ոչ։

Ո՞ր քաղաքացիներն են իրենց մաշկի վրա ինչ-որ բան զգացել որը՝ չէ, շատ սուբյեկտիվ է։ Բայց մենք հստակ հաշվետու ենք՝ ինչ ենք արել․ 6.2 տոկոս տնտեսական աճ ենք արել, 12.7 տոկոս արդյունաբերության աճ ենք արել, 22 տոկոս արտահանման աճ ենք արել, 28.5 տոկոս ներմուծման աճ ենք արել։ Շարունակե՞մ։ Բավարա՞ր է դա, որ մենք՝ բոլորս լավ զգանք մեզ։ Ո՛չ։ Ավելին, որևիցե երկիր չկա, որ բոլորը բավարարված լինեն, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի, իր կյանքի որակը փոխելով, իր պահանջներն էլ է փոխում»։

Վարչապետի կարծիքով՝ մենք չենք կարող մեր տնտեսությունը զարգացնել, եթե սեփականության նկատմամբ վստահություն չլինի, բիզնես կանոնների նկատմամբ վստահություն չլինի, հավասար պայմանների վերաբերյալ վստահություն չլինի։
Hraparak.am-ի հարցին, եթե ինքը չլինի կառավարության ղեկին, կստացվի՞ տնտեսական աճ ապահովել մեկ տարի անց ևս, Կարեն Կարապետյանն ասաց․ «Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ»։

Կարեն Կարապետյանը, սակայն, համառորեն չասաց՝ ինքը կլինի՞ այս պաշտոնին մեկ տարի անց, թե՞ ոչ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X