Հինգ ժամ պահելուց հետո Եղնուկյանի հարազատներին ազատ են արձակել․ Տիգրան Հայրապետյան

Ինչպես հայտնել էինք․ այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան, Հանրապետության հրապարակից ձերբակալվել եւ Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը եւ Գեղեցիկ Տոնոյանը։

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունից տեղեկացրել են, որ նրանց բերման են ենթարկել հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի եւ Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։

Կարո Եղնուկյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եղնուկյանի երեխաները որոշել էին ի պաշտպանություն նրա եւ Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպել հավաք եւ նրանց նկարներով էլ դուրս են եկել հրապարակ, նաեւ թռուցիկներ են բաժանել՝ սփյուռքահայերին իրազեկելու, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

«Հենց փորձել են մտնել Հանրապետության հրապարակ, ոստիկանները մոտեցել են, ասել՝ արգելված է, չի թույլատրվում։ Իրենք էլ ասել են, որ ընդամենն իրազեկում են եւ միանգամից մի քանի թերթիկ են բաժանել։ Սակայն ոստիկաններն ասել են՝ հավաք կազմակերպել չի կարելի, այդտեղ կանգնել չի կարելի եւ նրանց ենթարկել են բերման ոստիկանության բաժին»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։

Ոստիկանությունում էլ, ըստ նրա, ոչ մի գործողություն չեն կատարել սկզբում։
«Ավելի ուշ, երկուսուկես ժամ անց, առաջին բացատրությունից հետո ասել են, որ իբր իրենց բերման են ենթարկել պայթուցիկ նյութեր ունենալու ահազանգով։ Հետո սկսեցին խուզարկություններ կատարել։ Այսինքն՝ սկզբում իրենց բերել են ոստիկանության բաժին՝ իբր պայթուցիկ նյութեր ունեն, հետո նոր սկսել են խուզարկություններ կատարել։ Այդպես պահել են հինգ ժամ եւ հետո թույլ տվել, որ իրենք դուրս գան ոստիկանության բաժնից»,- ասաց փաստաբանը։

Նա ուշադրություն է հրավիրում օրենքի մի քանի ակնհայտ խախտումների վրա՝ խոչընդոտել են հավաքների կազմակերպումը, հինգ ժամ պահել են մարդկանց անազատության մեջ։ «Երկուսն էլ քրեորեն պատժելի արարքներ են ոստիկանության աշխատակիցների կողմից։ Եվ այս հարցազրույցը բավարար է, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը սկսի հետաքննություն։ Խախտվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու նորմ՝ քաղաքացիների հավաքներ կազմակերպելուն խոչընդոտելը եւ նրանց անօրինական անազատության մեջ պահելը»,- արձագանքում է փաստաբանը։

Մեկնաբանություն
X