ՀՀԿ-ի նախագահին փոխարինող չկա․ Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում ելույթ է ունենալու նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը ներկայացնելու է Առաջին հանրապետության հռչակման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաեւ Երեւանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերը։

Մինչ ելույթը Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սփյուռքահայերը հետաքրքրված են Երեւանի 2800-ամյակի ծրագրով։ «Մենք պատրաստ ենք եւ կոչ ենք անելու մեր սփյուռքահայերին մասնակից դառնալ այդ ծրագրի քննարկմանը։

Տարոն Մարգարյանը նշեց, որ ինքը համաձայն չէ սփյուռքահայերից մի քանիսի այն պնդմանը, որ Երեւանը զարգանում է միայն Կենտրոնով՝ նշելով, որ ծայրամասերում ահռելի մեծ աշխատանքներ են կատարվել։

Հարցին՝ Գալուստ Սահակյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա վարչապետ լինելու հարցում, ինքը համաձա՞յն է այս մտքի հետ, Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ մինչեւ ապրիլ շատ ժամանակ կա, իրենց կուսակցությունը նախընտրական ծրագիրը տանում է առաջ․ «Սերժ Սարգսյանը ՀՀ եւ ՀՀԿ-ի նախագահն է, այո, իմ կարծիքով ՀՀԿ-ի նախագահին փոխարինող չկա»։

Հարցին՝ քաղաքում հայտնվել են «Հայ մեծեր» խորագրով վահանակներ, դրանց թվում է նաեւ իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարով վահանակը, դրան ինչպե՞ս է վերաբերվում, Տարոն Մարգարյանն ասաց, որ դա տեղադրվել է մասնավոր ընկերության կողմից, իր հետ համաձայնեցված չի եղել, թեեւ կցանկանար․ «Բնականաբար, եթե անձնավորում ենք, ապա իմ հոր նկարը փակցնելու համար պետք է համաձայնեցնեին։ Անսպասելի էր եւ հաճելի էր»։

Աննա Պապիկյան

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություն
X