էդ թվերդ երեխուս չի կշտացնում, վարչապետ․․․

Վարչապետին թվում է, թե ամեն մաշկ մի զգացողություն ունի։
Գուցե մեր ցավը նրանում է, որ այդպիսի կարծիք ունեն համարյա մեր բոլոր պաշտոնյաները։

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողների հարցերից մեկին՝ խոստացված փոփոխությունների արդյունքն ինչո՞ւ այդպես էլ չենք զգում մեր մաշկի վրա, վարչապետը պատասխանում է․

«Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշինը՝ այլ, ինչպե՞ս ենք տարբերելու՝ որն է ճիշտ զգում»:

Զարհուրելին այն է, որ հարուստին, ապահովին, պաշտոնյային թվում է, թե աղքատի մաշկը կաշի է, որ այն ի վիճակի չէ ճիշտ կերպով արձագանքել արտաքին աշխարհի ազդակներին։

Իրենց մաշկը ուրի՜շ է։ Իրենք զգում են լավը, բոլոր տեսակի դրական գրգիռները, իսկ ոչ ունևորը դա չի կարող զգալ։

Հենց այս ընկալումն է պատճառը, որ մարդկանց լացը վերևներին չի հուզում։ Այսպես են մտածում՝ սուբյեկտիվ զգացողություն է, մենք հրապարակում ենք թվեր, դուք պարտավոր եք այդ թվերի առկայությամբ ձեզ լավ զգալ։

«․․․Ես ձեզ հաշվետվություն եմ տալիս թվերով, ինչ հարց ունենաք թվերի հետ կապված՝ տվեք»։

Նման դեպքում սոված փորով մարդը կասի՝ էդ թվերդ երեխուս չի կշտացնում, վարչապետ․․․

Վարչապետը նման մարդուն հակադարձում է՝ «Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորինը փոխել, իհարկե՝ ոչ։ Մաշկի վրա զգալը շատ անչափելի զգացողություն է»։

Բայց քանի՜- քանի՜ այդպիսի «մեկ տարի» ասացին եկող- գնացող վարչապետերը։

«Անչափելին» չվերջացող այդ մեկ տարին է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X