Իրավունք

Եվս երեք սուտ մատնություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման՝ խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է սպանության փորձի փաստով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Արամ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ա. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Թաթուլ Մանթաշյանը, Ռուստամ Ամիրխանյանը և մի շարք այլ ոստիկաններ տևական ժամանակով իրեն ապօրինի պահել են ոստիկանության նշված բաժնում և խոշտանգել, որի պատճառով առանց կարդալու ստորագրել է հարցաքննության արձանագրությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Ա. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ: Ա. Ղուկասյանի կողմից ծանր հանցագործության՝ խոշտանգման վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով տուժող Սերգեյ Միքայելյանի կողմից ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Սմբատ Սաղաթելյանին հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մասնավորապես, Ս. Միքայելյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հարցաքննության արձանագրության համապատասխան էջերին դրված ստորագրություններն իրենը չեն, և Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ինքը երբևէ չի հարցաքննվել և որևէ ցուցմունք չի տվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում՝ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ս. Միքայելյանն ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին: Մասնավորապես, պարզվել է, որ արձանագրությունում դրված ստորագրությունները պատկանում են հենց իրեն:

Մյուս քրեական գործն էլ հարուցվել է դատարանում քննվող քրեական գործով վկա Հայկ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Այսպես, Հ. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ ՔԿ քննիչներ Վարդան Կարապետյանին ու Ռուբեն Մարտիկյանին մեղադրել է իրենց վարույթում գտնվող քրեական գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցներին՝ խոշտանգում կատարելու մեջ. մասնավորապես, Հ. Ղուկասյանը հայտնել է, որ քննիչները հարցաքննության արձանագրությունում ներառել են իր կողմից չհայտնած տեղեկություններ, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող գրառումներ կատարել հարցաքննության օրվա և ժամի մասին: Բացի այդ, հայտնել է, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի մի խումբ աշխատակիցներ խոշտանգել են իրեն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հերքվել են Հ. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել քննիչների և ոստիկանների կողմից ծանր հանցագործություններ կատարելու վերաբերյալ: Սուտ մատնության հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություն
X