․․․Իսկ դուք պաշտոնյաների վրա կիսլատա փորձե՞լ եք

Իբր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասածը քիչ է, Վազգեն Մանուկյանն էլ լրացնում է։

Վիգեն Սարգսյանը երեկ Հայաստան-սփյուռք համաժողովում հայտարարել է, որ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովում պաշտոնյաները, բացի ունեցվածքը հայտարարագրելուց, պետք է նաև տեղեկացնեն, թե իրենք ու իրենց հետ փոխկապակցված անձինք բանակում ծառայե՞լ են, թե՞ ոչ: «Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է հասարակության մեջ վստահությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու տեսանկյունից»,- ասել է նա։

Վազգեն Մանուկյանն էլ, որ պաշտպանության նախկին նախարար է, լրացնում է թերին․

«Դրական եմ համարում նախաձեռնությունը: Սա առաջին քայլն է: Երկրորդ քայլն այն պետք է լինի, որ եթե պաշտոնյան երեխային բանակ չի ուղարկել կամ բանակում չի ծառայել, նրան հանել պաշտոնից»։

Եթե հաշվի առնենք, որ պաշտոնյայի տղան էլ պաշտոնյա է, պետք է ոչ միայն հորը, այլ տղային էլ հետը պաշտոնից հանել։ Հայաստանում բոլոր պաշտոնները թափուր կմնան։

Երրորդ քայլը պարզ է, ավելի դաժան է լինելու։

Ակամայից այս անեկդոտը հիշեցի․

«Սերժ Սարգսյանը արտասահմանցիների մոտ ասում է, որ հայ ժողովուրդը դիմացել է ցեղասպանությանը, երկրաշարժին, պատերազմին, արտագաղթին, սովին, ցրտին... Հիմա էլ դիմանում է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, սննդի, տրանսպորտի ամենօրյա թանկացումներին, որից հետո արտասահմանցիները հարցնում են՝ իսկ դուք ժողովրդի վրա կիսլատա լցնել փորձե՞լ եք»:

Այս կոշտ հայտարարություններից հետո ընդամենը մնում է նախկին ու ներկա պաշտպանության նախարարներին հարցնել՝ իսկ դուք պաշտոնյաների վրա կիսլատա փորձե՞լ եք։

ՀԳ Չնայած այնպես չի, որ դժգոհ ենք փորձարկումներից․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X