Վստահության դեֆիցիտ

Հարազատներին, մերձավորներին տեսնել-հանդիպելը, այն էլ՝ երկարատեւ բաժանումից հետո, միշտ հաճելի է։ Այս օրերին մեծ խումբ մարդիկ Երեւանում հանդիպեցին միմյանց՝ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը մեր ազգի միավորման փոքրիկ միջոցառման վերածվեց։ Բայց արդյո՞ք այս ջանքերն արդարացված են։ Շուրջ 6 անգամ կազմակերպվող համաժողովը մի՞թե ընդամենը հանդիպելու, ասել-խոսելու, հարազատների հետ տեսնվելու առիթ է։ Ի՞նչ ձեռքբերումներ ունենք նախորդ 5 համաժողովների արդյունքում, ի՞նչ կարող ենք արձանագրել այսօր։ Նախորդ համաժողովներին մասնակցած անձինք երեկ նկատում էին, որ առաջին տարիների «էնտուզիազմը» չկա, եւ եթե անցյալում Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները համարյա խնկարկում էին հայրենիքն ու զերծ էին մնում իշխանությունների հասցեին դույզն-ինչ քննադատությունից, ապա տարեցտարի իրավիճակը փոխվում է։ Այս օրերին ընթացող համաժողովում նաեւ խիստ խոսքեր ու քննադատություն են հնչում հայերիս հույսերը չարդարացրած իշխանությունների հասցեին։ Իսկ քննադատությունը, դժգոհությունը նշանակում են վստահության դեֆիցիտ։ Պետության գլուխ կանգնած քաղաքական ուժին չվստահող Սփյուռքը, բնական է, որեւէ մասնակցություն չի ունենա մեր պետության խնդիրների լուծմանը՝ ներդրումներ չի անի, բարոյական եւ հոգեւոր աջակցություն չի հայտնի։ Իսկ մեր ունեցած ամենամեծ հարստությունը մեր ազգի պոտենցիալն է՝ հայրենիքում եւ Սփյուռքում։ Ցանկացած այլ ժողովուրդ մեր Սփյուռքի նման հզոր ներուժ ունենալու պարագայում լուծած կլիներ իր առջեւ ծառացած օրախնդիր հարցերից շատերը։ Եթե հայրենիքի առաջին իսկ կանչով 1800 մարդ է ժամանում ոչ մի շոշափելի արդյունք չապահովող մի համաժողովի մասնակցելու, նշանակում է՝ Սփյուռքը պատրաստակամ է, սիրառատ ու հոգատար Հայաստանի հանդեպ։

Մեկնաբանություն
X