Չեմ պատրաստվում երիտասարդ թոշակառու դառնալ

Շարունակում ենք ներկայացնել, թե ինչով են զբաղված նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները, որոնք այս կամ այն պատճառով տեղ չգտան նոր խորհրդարանում։ Որքան էլ զարմանալի է՝ պատգամավորներից շատերը, որոնց համար մանդատը սեփական բիզնեսի «տանիք» է ծառայում, իսկ պատգամավորի կարգավիճակում էլ «քար չեն քաշել», գոհ ու երջանիկ են, քանի որ, ինչպես իրենք ասացին՝ ազատ ու հանգիստ կյանք են ապրում։ «Կիլիկիա» գործարանի սեփականատեր, գործարար Հակոբ Հակոբյանը հիմա ամբողջովին լծվել է բիզնես գործերին․ «Հիմա առանց մանդատի կարգավիճակում բավականին թեթեւացել է իմ առօրյան, նախկինում իմ ընտրատարածքի ժողովրդի հոգսերը ես միշտ իմ վրա եմ վերցրել, հիմա այդպես չէ, մեծ հաշվով՝ ես շատ-շատ թեթեւացել եմ»։ Այսինքն՝ Ձեր ընտրատարածքի մարդկանց հոգսերի մասին այլեւս չեք մտածում։ «Ոչ թե չեմ մտածում, այլ այն թափով չեմ հոգում, ինչպես նախկինում։ Առաջ ով խնդիր ուներ, ինձ զանգում էր, հիմա քիչ են զանգում»։ Մինչդեռ մանդատը բիզնեսի ապահովագրման երաշխիք է եղել, եւ պատգամավորներից շատերն այդ ընթացքում չէին կատարում հարկային պարտավորությունները, գուցե դրանո՞վ էր պայմանավորված, որ նախկինում օգնում էր, հիմա չի օգնում։ «Նման բան չկա, իմ դեպքում երբեք էլ մանդատն այդ առումով որեւէ նշանակություն չի ունեցել, ոչ էլ հիմա։ Այնպես էլ երբեք մանդատ ձեռք չեմ բերել բիզնես պահելու եւ այլնի համար, դեռեւս երբ խորհրդային ժամանակներից շարժումն սկսվել էր, ես բիզնես ունեցել եմ, «տանիք» ման չեմ եկել ո՛չ մանդատի տեսքով, ո՛չ էլ ինչ-որ մեկի տեսքով։ Ես իմ աշխատասիրությամբ եմ հասել ամեն ինչի»։ Հակոբյանի խոսքով՝ ինքը «եղել է, կա ու կմնա ՀՀԿ-ի կազմում», դրանով իսկ փակված է հարցը՝ նորի՞ց կվերադառնա քաղաքականություն, թե՞ ոչ։ «Իսկ մնացած կարգավիճակի, պաշտոնի ու այլ բաների մասին էս պահին չեմ մտածել, բայց, ինչպես ասում են՝ երբեք մի ասա «երբեք», կյանքն առջեւում է, ես էլ չեմ պատրաստվում երիտասարդ թոշակառու դառնալ, ես հիմա ավելի շատ դրսեւորվում եմ բիզնեսում»։

Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Աջափնյակի նախկին թաղապետ Ռուբեն Հովսեփյանը ՀՀԿ-ի պատգամավորական դասի «խուլ ու համր» խավին էր պատկանում, հինգ տարվա պատգամավորական գործունեության օրերին նա իր «թայի»՝ Վրեժ Մարկոսյանի հետ շորորալով մտնում էր դահլիճ, գրանցվում ու նորից զույգով դուրս գալիս՝ անխտիր մերժելով ճանապարհին հայտնված լրագրողներին։ Նա հինգ տարվա ընթացքում որեւէ ելույթ, որեւէ հարց չի բարձրացրել ԱԺ ամբիոնից, սակայն անասելի երանությամբ երեկ մեզ փոխանցեց, որ հիմա «հանգստով է զբաղվում»․ «Զբաղվում եմ հանգստով, մանդատի կորուստն էլ ոչ մի բան չփոխեց»։ Հարցրինք՝ շա՞տ էր հոգնել օրենսդիր աշխատանքից։ «Արձակուրդի մեջ եմ, ես ինձ արձակուրդ եմ տվել»։ Իսկ քաղաքականություն վերադարձի ցանկություն ունե՞ք։ «Ազգային ժողով՝ ոչ․ որ ուզենայի, կվերադառնայի, ապագան ցույց կտա, թե որտեղ կլինեմ, ես, ամեն դեպքում, ոչ մի բան չեմ որոշել»։

ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը եւս անցել է բիզնես գործերին․ «Նախկինում, գիտեք, ես չէի զբաղվում, փոխանցել էի ընտանիքիս, հիմա ինքս եմ զբաղվում, աշխատում եմ, արարում, թոռնիկներիս հետ ժամանակ անցկացնում, ապրում առօրյա կյանքով։ Ինչ վերաբերում է պատգամավորի մանդատի կորստին, ոչինչ էլ չի փոխվել, կասեմ միայն, որ պատասխանատվությունն է ավելի պակասել, եթե առաջ հաշվետու էի իմ երկրի եւ ընտրողների առաջ, ապա հիմա միայն երկրիս առաջ եմ պատասխանատու»։ Հիշեցնենք, որ այս խորհրդարանում Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանն է «Ծառուկյան դաշինքից» պատգամավոր ընտրվել։ Ստացվում է, որ ընտանիքից մեկը պետք է պատգամավոր լինի, որպեսզի բիզնեսն ապահով ձեռքերում մնա։ «Չկա նման խնդիր, ես Ձեզ հավատացնում եմ՝ մանդատը երբեք մեր համար նման նպատակով չի ծառայել, այն կրկնակի պարտավորություն է եւ պատասխանատվություն պետության հանդեպ ու ոչ մի տեսակի առավելություն չունի»։ Քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին հարցին էլ նախկին պատգամավորը հումորով պատասխանեց․ «Մեզ մոտ տաքսու վարորդից սկսած մինչեւ ամենաբարձրաստիճան պաշտոնյան զբաղվում է քաղաքականությամբ, ես էլ իրենցից մեկն եմ»։

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը ՀՀԿ-ի եզակի բարեխիղճ եւ աշխատող օրենսդիրներից էր, որի համար պատգամավորի աշխատանքն աշխատանք էր՝ բառի բուն իմաստով։ Ալեքսանյանն զբաղվում է գյուղական առօրյայով, նա Արարատի մարզի համանուն գյուղից է․ «Գյուղական աշխատանքներով եմ զբաղվում, բնական է, երբ չես աշխատում, ֆինանսական խնդիրներ են առաջ գալիս, բայց հոգեբանական եւ այլ խնդիրներ հաստատ չունեմ, քանի որ պատգամավորի աշխատանքն ինձ համար զուտ աշխատանք է եղել, ես այդ ստատուսը չեմ օգտագործել ինչ-ինչ անձնական նպատակներով, հարցեր չեմ լուծել, բնականաբար՝ տարբերություն կա նախկին եւ ներկա կարգավիճակներում, բայց, կրկնում եմ, ես առօրյայում մանդատով այլ հարցեր չեմ լուծել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X