Ուշագրավ փաստեր պաշտոնյաների կյանքից

Պետական պաշտոնատար անձանց կենսագրականներն ուսումնասիրելիս ուշագրավ դրվագների կարելի է հանդիպել, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակական լայն շրջանակներին, գուցեեւ՝ անհայտ են ընդհանրապես: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրինակ, թեեւ ասոցացվում է իրավունքի ու արդարադատության հետ, սակայն առաջին մասնագիտությամբ իրավաբան չէ: Նա երեք բարձրագույն կրթություն ունի՝ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, այնուհետ իրավաբանի եւ հոգեբանի մասնագիտություն է ձեռք բերել: Ամենաուշագրավն այն է, որ 1995-1998 թթ․ ԱԺ պատգամավոր լինելուն զուգահեռ՝ Հարությունյանը 1997-ին եղել է Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը: Այդ ժամանակ քաղաքապետը, ինչպես հայտնի է, Վանո Սիրադեղյանն էր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կենսագրականում էլ մի այսպիսի ուշագրավ հիշատակում կա՝ «ճանաչվել է տարվա լավագույն կին»: Ո՞ւմ կողմից է ճանաչվել եւ, որպես կին, որտե՞ղ ծավալած իր գործունեության համար (ընտանիքո՞ւմ, կանանց վերաբերող որեւէ միջոցառման ժամանա՞կ)՝ հայտնի չէ: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ վաստակավոր ճարտարապետ է, Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետ, նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետը: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, մինչ «գազի համակարգում» կարիերա անելը, աշխատանքային գործունեությունն սկսել է Աբովյանի թթխմորի գործարանում՝ որպես հերթափոխի պետ: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ Գալուստ Գրիգորիչի որդին, ավարտել է Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադային բաժինը եւ, փաստորեն, արվեստն իր մեջ խեղդելով էլ մտել է քաղաքականության անդաստանը: Չնայած՝ էստրադային ժանրը քաղաքականության մեջ էլ է հաճախ կիրառվում: ԱԺ ՀՀԿ-ական համեստ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրությամբ եւ առաքմամբ. «արտադրությամբ» բառը հատկապես գրավեց մեր ուշադրությունը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, աստվածավախ Արամ Սարգսյանը 1995 եւ 1999թթ. ընտրվել է Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավոր: Իսկ, ահա, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, ով մասնագիտությամբ տեխնիկ-շինարար է, 1986-1988 թթ․ եղել է Ջերմուկի թիվ 4 առողջարանի գլխավոր բժշկի տեղակալը, իսկ 1988թ.՝ Ջերմուկի կուրորտմիավորման գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալը: Թե ինչպես է բժշկական կրթություն չստացած շինարարը բժշկի տեղակալ աշխատել ու բուժման ինչ տակտիկա է կիրառել իր հաճախորդների նկատմամբ՝ մնում է անհայտ:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X