Փաստաբանները գնահատում են դատավորներին

Մեր տեղեկություններով՝ HelpCourt համակարգում հայտարարված մրցանակաբաշխությունը դժգոհություններ է առաջացրել դատական համակարգում։ Այս կայքի այցելուները՝ փաստաբանները, գնահատականներ են տալիս դատավորներին, ինչի հիման վրա ռեյտինգավորում է կատարվում։ Դատավորները նշում են, որ դա խայտառակ մրցանակաբաշխություն է, որտեղ գնահատման տարօրինակ չափորոշիչներ են գործում, գնահատման համակարգն առհասարակ վատ է կառուցված, եւ դատավորների վարկանիշը նորմալ չի հաշվվում։ Դրանից բացի՝ բազմաթիվ դատավորներ էլ ընդգրկված չեն։ «Շատերն են դժգոհ այդ համակարգի մեխանիզմից, բալային սիստեմից, առհասարակ՝ գաղափարից, օրենքով սահմանված է, որ դատավորին կարող է գնահատել միայն հանձնաժողովը, ինչո՞ւ պիտի փաստաբանները որոշեն՝ ով է լավ, ով վատ դատավոր»,- ասաց դատավորներից մեկը։ Նշենք, որ HelpCourt համակարգի միջոցով հնարավորություն է տրվում ուշադրության արժանի ապօրինի կամ օրինական դատական ակտեր տեղադրելով՝ ուղղակիորեն ազդել դատավորի վարկանիշի վրա: Դատավորների վարկանիշները -5-ից +5 բալանոց համակարգում ձեւավորվում են հատուկ բանաձեւով: Ամենաբարձր եւ ամենացածր վարկանիշ ունեցող 5 դատավորների տվյալները համապատասխան ակտերի հետ միասին յուրաքանչյուր տարվա հուլիսի 17-ին (Արդարադատության միջազգային օր) ներկայացվելու են ՀՀ նախագահին:

Ներկայումս գնահատման արդյունքներով՝ ամենաբարձր գնահատված դատավորն Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Գոռ Թորոսյանն է, ապա՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, «Կրակեմ Հրաչի» որդին՝ Դավիթ Հարությունյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը, իսկ ամենացածր գնահատված դատավորներն են վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Խաչատրյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Սասնա ծռերի» գործը քննող Արտուշ Գաբրիելյանը, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը։

Մեկնաբանություն
X