Փաստաբանները կրկին դիմեցին գործադուլի

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատաքննությունը։ Նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանը եւ Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չմտան, քանի որ դատարանի կարգադրիչներն, իրենց բնորոշմամբ, ոչ թե զննում են իրենց, այլ խուզարկում: Նրանց հանդեպ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիառելու որոշում կայացրեց՝ դիմելով Փաստաբանների պալատ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Այս ամենը հաշվի առնելով՝ 13 պաշտպաններ, այդ թվում՝ Լուսինե Սահակյանը, Արա Զաքարյանը, Նինա Կարապետյանցը, Արա Ղարագյոզյանը, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Հարություն Բաղդասարյանը, տեղում որոշեցին գործադուլ հայտարարել եւ նիստերի դահլիճ չմտան:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ պարզ չէ՝ գործադուլը որքան ժամանակ կտեւի․ «Ամեն անգամ արգելում են մուտք գործել դահլիճ, փորձում են նվաստացնել մեզ: Սա արհեստական խոչընդոտ է, որ մեր փոխարեն հանրային պաշտպանների ներգրավեն»։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ 187 փաստաբաններ կրկին գործադուլ էին հայտարարել՝ ընդդեմ դատարաններում ապօրինի խուզարկությունների։ Գործադուլը համընկավ «Սասնա ծռերի» դատավարության օրվա, այդ իսկ պատճառով այն հետաձգվել էր։

Մեկնաբանություն
X