«Ելքը» ծա՞նր է տանում

Հայաստան-Սփյուռք համաժողովի բացումը կատարվեց ոչ թե Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլ Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջերում: Մեզ չեն հրավիրել՝ հայտարարեցին նրանք: Էդմոն Մարուքյանը գրել էր, որ պատճառն իշխանության ապաշնորհ լինելն է, Նիկոլ Փաշինյանն էլ լուրջ փաստաթղթի տեսք էր տվել իր գրառմանը՝ առանձին կետերով բացել Սերժ Սարգսյանի հոգու խորքը: Ընդդիմադիր գործիչներն այնպես էին բողոքում, որ համաժողովի բացման օրն իսկ սրտից թույլ հայաստանցիները միանշանակ հայտարարեցին՝ համաժողովը ձախողվեց:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին էլ պետք է ուղղակի կախել այդ բացթողնման համար՝ կասեր մի հայտնի արվեստագետ:
Բայց մենք տիկնոջը հանգիստ թողնենք եւ գանք «Ելքի» ոգորումներին, որ, այսպես ասած, ծնունդ են համաժողովին մասնակցելու հրավեր չստանալու: Հարգելի «Ելք»-ականներ, դուք իրո՞ք կուզենայիք հրավիրված լինել: Մի շտապեք պատասխանել, որովհետեւ ձեր առաջնորդներն շտապել են արդեն կազմակերպված բողոքել չհրավիրվելու դեմ՝ բա գիտե՞ք, խորհրդարանական ընդդիմությանը ՀՀ ապաշնորհ իշխանությունները չեն հրավիրել… Ես պատահաբար չհարցրեցի եւ հիմա էլ կրկնում եմ հարցս՝ իսկ դուք կուզենայի՞ք հրավիրված լինել, այո՞:

Այդ համաժողովում խորհրդարանական ԲՀԿ-ից մի քանի դեմք, այնուամենայնիվ, երեւացել է: Կուզենայինք լսել «Ելքի» կարծիքն այդ մասին: Այդ ինչպե՞ս է պատահել, որ ԲՀԿ-ին հրավիրել են, իսկ «Ելքին»՝ ոչ: Եվ այստեղ կսկսվի ամենահետաքրքիրը՝ «Ելք»-ԲՀԿ «ռազբորկան», թե իրենցից որն է ավելի ընդդիմադիր: Հարցն այն չէ, որ ԲՀԿ-ն դեռ էն գլխից ընդդիմադիր չէ: Բայց երբ գործը հասնում է ամենաընդդիմադիրին որոշելուն, ԲՀԿ-ին այնպիսի պաթոս է համակում, որ թող ու փախիր: Եվ, ահա, մտածում եմ, որ ԲՀԿ-ին համաժողով կանչելու հանգամանքը որոշակի առավելություններ է տալիս «Ելքին»՝ հասարակության աչքում առավել ընդդիմադիր երեւալու տեսանկյունից: Ինչպե՞ս կարող էր «Ելքն» ամենաընդդիմադիր երեւալու այս հրաշալի պատեհությունը փոխել մի հրավերի հետ, որ նրան համահավասարեցնելու էր ԲՀԿ-ի հետ, եւ որի վերջը չգիտես ինչ էր լինելու:
ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը, որ նախընթաց ԱԺ-ում իմ իմացած թերեւս ամենալուրջ ընդդիմադիր գործիչներից մեկն էր, Հայաստան-Սփյուռք համաժողովի առիթով ասել էր՝ ես այնտեղ հայաստանյան 72 կուսակցության ներկայացուցիչների չտեսա: Տարբերությունը Թեւան Պողոսյանի եւ «Ելքի» առաջնորդների հայտարարությունների միջեւ նկատեցի՞ք: Ափսոս, որ Թեւան Պողոսյանն այսօր խորհրդարանում չէ, եւ նրա բացակայությամբ խորհրդարանական ընդդիմությանն իսկապես պակասում է գլոբալ մտածելակերպը, վերմակով բացառապես սեփական հետույքը չծածկելու մոտեցումը: Վատ չէր լինի, եթե «Ելքը» ՀՀ իշխանություններին մեղադրեր ընդհանրապես ընդդիմության ձայնն այդ համաժողովում լռեցնելու մեջ: Այլապես միայն իրենց դարդն են լալիս, թե մենք, որ խորհրդարանական ենք ու քաղաքապետարանական, չենք հրավիրվել: Բախտներդ բերել է, որ ո՛չ հրավիրվել եք, ո՛չ էլ, ներողություն արտահայտությանս համար, «փչացել»: Կա, չէ՞, Հայաստանում այդպիսի մտայնություն, որ ով համագործակցում է իշխանության հետ, ուրեմն «փչացած» է: Եվ, ուրեմն, ինչի՞ համար է այս ամենը: Գնացեք մատաղ արեք, որ չեն հրավիրել, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը որոշել է վարչապետ դառնալ, իսկ դուք ամենաշատը հենց դա չեք ցանկանում, ու ձեզ պետք է, որ հասարակությունը մտքի ծայրով իսկ չանցկացնի, որ «Ելքից» բացի ուրիշ ընդդիմություն էլ կա:

Կարծիքներ են հնչում, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը Եվրադատարան չէ, որ դա այն տեղը չէ, որտեղ դնես ու իշխանությանը մի հանգի քլնգես: Համաձայն ենք: Համահայկական հավաքների նպատակներն այլ են, եւ այդ հավաքները չեն կարող նույնացվել քաղաքական բանավեճի առիթների հետ: Ես զարմանում եմ, երբ մեր մամուլն ու գործիչներն այսպիսի թեթեւությամբ գնահատական են տալիս այնպիսի մի երեւելի մարդու ելույթին, ինչպիսին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն է: Ախր, ինչպե՞ս կարելի է նրա խոսքը չափել հայրենի ընդդիմության խոսքի չափանիշներով՝ արաա, տեսա՞ք ինչ ասաց, տեսա՞ք ինչպես ասաց: Եվ տպավորություն է ստեղծվում, որ Արամ Ա-ն Հայաստան էր եկել ՀՀ իշխանություններին քննադատելու նպատակով: Բայց մենք մոռանում ենք, որ Կիլիկիո կաթողիկոսին հատուկ առիթներ պետք չեն նման խոսք ասելու համար, մոռանում ենք կամ գուցե չգիտենք, որ իր գործունեության ընթացքում նա զբաղվում է այն ամենով, ինչն անհրաժեշտ է համարում հայրենիքի եւ Սփյուռքի զորացման, հայոց պահանջատիրության արծարծման, համահայկական ջանքերի միավորման համար: Հաստատ, որեւէ մեկը չէր կարող մեր խնդիրներից այնպես խոսել այս համաժողովում, ինչպես խոսեց այդ պատկառելի այրը, ով, սակայն, իր ասելիքը երբեք չհամեմեց հասցեատերերին ուղղված ինչ-ինչ ածականներով, որովհետեւ նրա խոսքի հասցեատերն ամենքս էինք՝ իշխանություն, ընդդիմություն, ժողովուրդ, ազգ, երկիր, պետություն: Արամ Ա-ի ելույթից ընդդիմադիրների ուրախությունն է անհասկանալի, թեեւ Կիլիկիո կաթողիկոսի խրատ-հորդորները հավասարապես նաեւ ընդդիմությանն են ուղղված՝ որպես հայաստանյան երեւույթի:

Հաջորդ համահայկական համաժողովին, կարծում եմ, «Ելքն» անպայման հրավիրված կլինի, եթե, իհարկե, որեւէ բան չպատահի: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ 2018-ին նախարար ունենան նոր կառավարության մեջ: Գուցե նրանք հաջորդ համահայկականին լուծած կլինեն բոլոր անհարթությունները, որոնք, նաեւ իրենց մեղքով, առկա էին այս անգամ, երբ տակավին հաղթահարված չէ ընդդիմությունն իշխանությունից, ընդդիմությունն ընդդիմությունից սխալ ձեւով զատելու սովորությունը:

Որպեսզի «Ելքն» առանձնապես ծանր չտանի եղելությունը, մի քանի խոսք էլ համաժողովի կազմակերպիչների մասին ասենք: Ենթադրենք՝ որոշել էիք համաժողովն անել առանց ընդդիմության: Իսկ ինչո՞ւ ամեն ինչ արեցիք, որպեսզի Հայաստան-Սփյուռք 6-րդ ֆորումի բացումը համընկնի մեռելոցի հետ: Սրա մեջ կարելի է նաեւ ակնարկ տեսնել այն բանի, որ համահայկական համաժողովն այնքան էլ չի կարեւորվում: Իսկ եթե դա արվել է, որպեսզի համաձայնեցվի նաեւ նախագահի ժամանակացույցի հետ, ապա ավելի վատ: Համաժողովի բացումից հետո նախագահի Նյու Յորք մեկնելը հիշեցնում է գայլի ու Ավետարանի պատմությունը: Հնարավոր չէ՞ր օրը փոխել. մեկ ամիս շուտ, մեկ ամիս ուշ՝ ի՞նչ էր փոխվելու դրանից:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X