Ես և Սփյուռքը

2000-ական թվականներին Հայաստանի պետական տոնակատարություններին Արցախը մասնակցում էր ներկայանալի պատվիրակությամբ: Հերթական անգամ Սարդարապատում էինք: Բացօթյա սեղանների շուրջ հավաքված՝ մի-մի բաժակ բան էինք խմում, երբ թիկունքից կանացի քչփչոց լսվեց: Արեւմտահայերեն էին խոսում: Երկու բարետես կին էին, երեւի՝ քույրեր կամ մայր-աղջիկ: Խոսում էր տարեցը. «Ասոնց սեղաններուն նայիր, բայց կըսեն սուղ կապրին»: Մի առանձնակի ճոխ սեղան չէր՝ լավաշ, պանիր, կանաչի, կոլոլակ: Այսքանն է տպավորվել: Բաժակները ցած դրեցինք: Տգեղ էր: Այդ սեղանը պատրաստված էր բոլորի համար՝ նախագահից մինչեւ սարդարապատցի: Դա իսկապես ժողովրդական տոնախմբություն էր, երբ վերջին հոգեպահուստն էլ բերվում-դրվում է հացի սեղանին, որպեսզի մարդիկ իրար հետ պատառ կիսեն, մի բաժակ գինի խմեն եւ իրենց լավ զգան: Մեզ համար տոնը փչացած էր: Լուռ հեռացանք սեղանից, մի կողմ քաշվեցինք եւ չկարողացանք այլեւս վերագտնել ուրախության ռիթմը: «Կըսեն սուղ կապրին, ասոնց սեղաններուն նայիր»...

Եվ թվաց՝ բոլորն են այդպես ասում, երբ գալիս են Արցախ, եւ մենք կաշվից դուրս ենք գալիս, որ սեղանը հնարավորինս ճոխ լինի, գինին՝ առատ: Ամեն ինչ անում ենք, որ սփյուռքահայ մեր եղբայրներն ու քույրերն իրենց լավ զգան: Այդ չարաբաստիկ օրվանից հետո քանի հոգու հետ սեղան եմ նստել՝ միշտ թվացել է, թե նրանք մտքում հաշվում են ճաշի կամ ընթրիքի գինը եւ դարձյալ տարակուսում. «Կըսեն սուղ կապրին, ասոնց սեղանին նայիր»: Ինձ կառարկեն, գուցե՝ շատ տեղին, որ կենցաղային մանրուքի վրա ծանրանալ չարժե: Բայց դա մանրո՞ւք է, թե՞ առհասարակ վերաբերմունք, հայացք: Ավելի ճիշտ՝ ստերեոտիպ, երբ Սփյուռքին թվում է, թե հայրենիքը սիրելի է միայն վտանգի կամ աղքատության ժամին: Երբ սկսում են հոգոց հանել, ես ինձ վատ եմ զգում: Երբ մեկը մյուսից դժգոհում է՝ առավել եւս: Եվ անտանելի է, երբ սկսում են թվարկել, թե որ թվականին, ում միջոցով կամ ինչ առիթով ինչ օգնություն են հասցրել Հայաստանին ու Արցախին, հետո լսել, որ...

Դա ուղիղ համեմատական է Սփյուռքի մասին մեր միջին-վիճակագրական պատկերացումներին. մենք կարծում ենք, թե յուրաքանչյուր սփյուռքահայ վառվում է հայրենիքին օգտակար լինելու ցանկությունից, իսկ Սփյուռքում մեզ բոլորիս նայում են կասկածանքով...

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին խոսել է: Մամուլն իրարով է անցել, կաթողիկոսին հերոսացնում են, նրան քաղաքական ընդդիմություն վերագրում: Ճաշակի հարց է՝ ով ինչպես է հասկացել: Բայց այդ պաթետիկայի փոխարեն Արամ Ա-ն եթե խոսեր Հայաստանյայց առաքելական եկեղեցու միավորման մասին, ավելի ազդեցիկ կլիներ: Թե չէ Սփյուռքը բաժանված է ավանդական երեք կուսակցությունների եւ էջմիածնականների ու անթիլիասականների: Իսկ մենք խոսում ենք համազգային խնդիրների լուծման մասին: Ինչո՞վ խնդիր չէ՝ միավորել եկեղեցին, ունենալ մեկ հոգեւոր կենտրոն եւ իրոք Ամենայն հայոց կաթողիկոս: Եթե անգամ հայերի մի մասը կաթոլիկ է կամ ավետարանչական: Ես Սփյուռքը պիտի ճանաչեմ որպես մեկ-միասնական-ամբողջական մարմին, որպեսզի երբ լսեմ՝ «ասոնց սեղաններուն նայիր», իմանամ, թե ում հետ եւ որտեղ եմ քննարկելու խնդիրը...

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X