Ինչո՞ւ երկրորդ պլան մղվեց փողոցների անվանափոխության հարցը

«Հայաստան-Սփյուռք 6-րդ» համաժողովի այս օրերին, չգիտես ինչու երկրորդ պլան մղվեց Երեւանի փողոցների անվանափոխության հետ կապված հարցը, մինչդեռ, հենց համահայկական նման հարթակում է, որ կարիք կար այդ այն քննարկելու, կարծիքներ լսելու, մոտեցումներ արձանագրելու: Առհասարակ, եթե ավելի ընդգրկուն հայացքով նայենք, փողոցների անվանափոխության հարցը զուտ միայն ներերեւանյան մակարդակի խնդիր չէ, քանի որ այն նաեւ ինչ-որ իմաստով սեփական պատմության մութ էջերի հետ առերեսվելու եւ լյուստրացիայի հարց է: Երեկ Կարո Փայլանն իր ելույթում բավական ուշագրավ միտք արտահայտեց, կապված այն իրողության հետ, որ Թուրքիայի ներկայիս պետությունը հիմնվեց առանց Հայոց Ցեղասպանության փաստի հետ առերեսման, ասել է, թե՝ առանց սեփական պատմության մութ էջերի բացահայտման եւ օբյեկտիվ մեկնաբանման:

Ինչ-որ իմաստով կարող ենք ասել, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունն էլ հիմնվեց առանց Հայկական ԽՍՀ տարիներին իրականացված ռեպրեսիաների փաստի հետ լիարժեք, բաց եւ անկեղծ առերեսման, առանց այդ մութ եւ դժնդակ օրերի լիովին բացահայտման եւ հասարակության դատին հանձնման: Ինչ որ իմաստով, թուրքական պաշտոնական մերժողականությունը Հայոց Ցեղասպանության մասով նման է ներկայումս մեր հասարակությունում Խորհրդային ռեպրեսիաների հանդեպ ունեցած վերաբերմունքին:

Հասարակական շրջանակները, մտավորականությունը, պարզ քաղաքացիները ընդունում են, որ եղել է Հայոց Ցեղասպանություն եւ ներողություն են խնդրում, մինչդեռ պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է: Նույնն է նաեւ այս պարագայում, հասարակության լայն շերտերը, մարդիկ, որոնք ազատագրված են սովետական կարծրատիպերից եւ մտածելակերպից բարձրաձայնում են, խոսում են, որ այո եղել են ռեպրեսիաներ, որտեղ իրենց ողջ հնարավորություններով դրսեւորել են ազգությամբ հայ գործիչներ, որոնք այսօր դահիճ որակվելու փոխարեն իրենց անուններով փողոցներ ունենալու պատվին են արժանացած: Անկախության առաջին տարիներին մեկնարկած առերեսումը մնաց կիսատ եւ այսօր արդեն, հատկապես, երբ պատմությունը նույնիսկ դարձել է աշխարհաքաղաքական հակասությունների ոլորտ, իսկ Հայաստանն էլ մեծավ մասամբ դարձել է անվանական անկախություն եւ ֆորմալ սուվերենություն ունցող պետություն, իսկ իրականում իր ոխերիմ բարեկամ Ռուսաստանի կցորդ, այդ առերեսման հավանականությունը ավելի է փոքրանում, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ ԽՍՀՄ անցյալ դարի ութսունականներին Անդրոպով-Չեռնենկոյական փորձը Ստալինի արդարացման, այսօր փայլուն կերպով իրականացվում է Պուտինյան Ռուսաստանի կողմից: Մինչդեռ առերեսում պետք է եւ պետք է համահայկական մակարդակով, քանի որ այդ առերեսումից հետո նոր հնարավոր կլինի ճիշտ կողմնորոշվել եւ քայլել առաջ ու այս համատեքստում առերեսման մասին Փայլանի խոսքը նաեւ մեզ է վերաբերվում ալեգորիկ իմաստով:

Տիգրան Վահանե

Մեկնաբանություն
X