Ֆիզիկապես և բարոյապես մաշված, հրդեհված, ոչ պիտանի

Հայաստանի կառավարությունը վերջին նիստում պետական գույքի օտարման մի քանի որոշում կայացրեց, մեկն ուղիղ վաճառք էր, չորսը՝ աճուրդով: Բոլորն էլ գտնվում են պետական գույքի կառավարման վարչության կառավարման ներքո: Առաջինով Երեւանի Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող 1253.5 քմ մակերեսով շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07966 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձեւով օտարվում էր «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանին՝ բժշկական կենտրոն կառուցելու նպատակով: Գույքի գնահատված արժեքը՝ 33 մլն․ 684 հազար 949 ՀՀ դրամ, բայց վաճառվում է 16 մլն․ 842 հազար 475 դրամով: Գնորդն ասել է, որ պատրաստ չէ ամբողջ գինը վճարել:

Մյուս 4 գույքն ուշագրավ մեկնաբանություն ունեն: Շենքի նկարագրությունից ծիծաղ է առաջանում: Արտաշատի Օգոստոսի 23 հասցեում գտնվող «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված նախկին ծննդատան շենքը 2011-ին հանձնվել է պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Այդ ժամանակվանից չի շահագործվում: Քանի որ պետությունը փող չունի պահակին վճարելու համար, շենքն աստիճանաբար քայքայվել է՝ հանվել են դռները եւ պատուհանները, տանիքից անձրեւաջրերը լցվում են շենքի մեջ: 7179.9 քմ գույքի աճուրդի մեկնարկային գինը 96 մլն․ դրամ է:

Մյուսը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ակտիվներից հանված պահեստն է: Կառուցվել է 1990-ական թվականներին, մեկհարկանի պահեստային տարածք է՝ 364.2 քմ մակերեսով: Գտնվում է Երեւանի Կենտրոն համայնքում՝ Գետառի փողոց 4/2 հասցեում: Երկար ժամանակ չի շահագործվել, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է, հետագա շահագործման համար ոչ պիտանի: Աճուրդի մեկնարկային գինը 36 մլն․ 656 հազար 300 դրամ է:

Երրորդ գույքը գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Վ. Վաղարշյան փողոց 12 հասցեում: 309.9 քմ մակերեսով ոչ բնակելի տարածք է, որն ունեցել է բազում վարձակալներ: Շենքը կառուցվել է 1975 թվականին, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի շենքի մի մասն է: Շենքը մի քանի անգամ օտարվել է, այդ տարածքը՝ մնացել: Մեկնարկային գինը 52 մլն․ 204 հազար 555 դրամ է:
Վերջին գույքը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Սեւանի փողոց 21/5 հասցեում Ծանրոցային բաժանմունքի տարածքն է՝ 2144.1 քմ տարածքով: Գույքը կառուցվել է 1960-ական թվականներին: Տարածքը գտնվում է կիսաքանդ եւ հրդեհված վիճակում, բացակայում են դռները եւ պատուհանները: Տարածքի ներսի մետաղյա կոնստրուկցիաներն ապամոնտաժված են: Մեկնարկային գինը 33 մլն․ 497 հազար 413 դրամ է:

Այս բոլորի աճուրդը կկայանա մեկ ամսից: Առաջին աճուրդի ժամանակ չվաճառվելու դեպքում կկազմակերպվեն նոր աճուրդներ՝ մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 60 տոկոսից:

Այստեղ ուշագրավ է պետության վերաբերմունքը սեփական անշարժ գույքի նկատմամբ:
Հայաստանում կա 545 հազար շենք եւ շինություն, այդ թվում՝ 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք եւ 98 հազար տարբեր նշանակության շենք-շինություններ: Գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի գերակշռող մասը կառուցվել է մինչեւ 1988 թվականը: Հատկապես բնակարանների մեծ մասն է կառուցված մինչ այդ թվականը, բայց մենք շարունակում ենք ապրել այդ շենքերում, հարմարեցնել, վերանորոգել:

Իսկ ինչպե՞ս է պատահում, որ ընդամենը 90-ականներին կառուցված շենքը դառնում է ֆիզիկապես ու բարոյապես մաշված, շահագործման համար ոչ պիտանի: Ընդունելի՞ արդարացում է, թե՞ հսկայական միջոցներ ունեցող մեր պետությունը չի կարողանում անգամ պահակի փող տալ, ինչի պատճառով այդ շենքերը թալանվում են:
Ո՞վ է մեղավոր պետական գույքը քարուքանդ անելու մեջ: Եթե չէր օգտագործվում, 98 թվականից ինչո՞ւ է մնացել պետգույքի կառավարման վարչության տակ, ինչո՞ւ եք թողել մինչեւ քարուքանդ լինելը: Տպավորություն է, թե դիտմամբ են թողել, որ քարուքանդ լինի, նոր վաճառեն: Եվ այս կասկածները կհաստատվեն կամ կհերքվեն միայն շենքի նոր սեփականատիրոջ անձն իմանալու ժամանակ:

Սեփական գույքի նկատմամբ պետության վերաբերմունքն անտանելի է, ու պետք է գտնվեն մարդիկ, որոնք պետական գույքի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի համար պետք է պատասխան տան: Մի հսկայական կառույցի անուն դրել ենք Պետական գույքի պահպանության վարչություն, որ ի՞նչը պահի, ինչի՞ց կամ ումի՞ց…

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X