Կճոյանի խոսնակի «հուզիչ» մաղթանքը շեֆին

Հայաստան-Սփյուռք համաժողովի եւ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու ամուսնության ազդեցության տակ հասարակությունը մի պահ մոռացավ, որ այս օրերին լրանում է նաեւ հասարակությանը բազմաթիվ «աշխարհիկ» պատմություններից քաջ հայտնի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի 60-ամյակը: Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ տարեդարձը Կճոյանը որոշել էր նշել ճոխ եւ հանդիսավոր:
Արդեն երկու-երեք օր է, ինչ Արարատյան Հայրապետական թեմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում պտտվում են տարբեր պաշտոնյաների, նախարարների, գերատեսչությունների ղեկավարների շնորհավորանքները Նավասարդ Կճոյանին: Առաջնորդարանի աշխատակիցներն էլ փորձում են ետ չմնալ մյուսներից եւ իրենց հերթին դիֆերամբներ են ձոնում:

Մաղթանքների մեջ այնպիսի գովեստներ են շռայլել «օֆշորի» գործում թաթախված ԿՃոյանին, որ մի պահ նույնիսկ կարելի է մտածել, որ Ֆրանցիսկոս Պապը բավական բան ունի սովորելու Նավասարդ Կճոյանից: Եթե ավելի իրատեսական, գուցե նաեւ ունի, եւ գուցե նաեւ Ֆրանցիսկոս Պապի համար բացահայտում լինի Բենթլիի, զենքի պատմությունը, կամ օֆշորի սկանդալը: Ահա թե ինչ է գրել Արարատյան թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը: «Շնորհավո՛ր, Սրբազան հայր...Հոգևոր, կրթական, մշակութային, ազգային ու բարեգործական բազմաթիվ ծրագրեր՝ լուսաբանված ու գաղտնի պահված, հարյուրավոր ընտանիքների ու անհատների մեկնված ձեռքեր, ուսուցչից ստացած բազմաթիվ խորհուրդներ ու հանուն Հայրենքի գործելու նախաձեռնություններ իրականացնելու ներշնչանք....։ Այս մի քանի բառերը, որոնցից յուրաքանչյուրը պետք է տողատակերով բացվի, դեռ չեն ամփոփում 60 տարիները»:

Ի դեպ, զուտ քրիստոնեական տեսանկյունից պետք է ասել, որ դիֆերամբներում ձոնված գովեստները, եթե իհարկե դրանք իրական են, եկեղեցականի առաքելության եւ գործունեության պարտադիր բաղադրիչներից են եւ ոչ ավելին: Նորից ենք շեշտում՝ եթե իսկապես դրանք իրական են...

Անի Առաքելյան

Մեկնաբանություն
X