Ադրբեջանցի մարզիկը ռինգ դուրս չի եկել՝ վախեցել է մեր տղուց

«Ռինգն էլ աշխարհի պես չորս կողմ ունի, որտեղ հաղթանակը, ցավն ու հիասթափությունը հաջորդում են իրար: Մարզիկն էլ ռինգում է սահման պահում՝ իր հայրենիքի սահմանը: Չկա ավելի հաճելի զգացողություն, երբ քո հաղթական պայքարով պարտադրում ես բոլորին ոտքի կանգնել ու հետեւել երկրիդ դրոշի ծածանմանը»,- ռինգից դուրս իր զգացողություններն է կիսում «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւի Հայաստանի բազմակի չեմպիոն Նարեկ Ավագյանը:

Նարեկը 10 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ մարտարվեստով: Երիտասարդ մարզիկը մեր երկիրը պատվով ներկայացրել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպայում ու Ռուսաստանում: Կյանքն ու ռինգը, ըստ նրա փիլիսոփայության, հավասար նժարների վրա են: «Երկուսում էլ պայքար կա, վրիպելու եւ տապալվելու ռիսկ կա: Հաղթում է նա, ով կամք ունի եւ նպատակին հասնելու համառ բնավորություն»:

Հենց այդ որակների շնորհիվ էլ Նարեկը գրեթե միշտ հաղթանակներ է տոնել: Նրա մարզական կենսագրության մեջ, սակայն, դեպք էլ է եղել, երբ հաղթել է առանց պայքարի: «Այս տարվա ամռանը Մոսկվայում ACB վարկածով պետք է գոտեմարտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Քենան Ջաֆարլիի հետ: Երբեք մոտիկից ադրբեջանցի չէի տեսել, չնայած ցանկություն էլ չեմ ունեցել: Բայց սա այն դեպքն էր, երբ ճակատագիրն ինձ հնարավորություն էր տվել դեմառդեմ հանդիպելու իրական հակառակորդիս, ապացուցելու, որ հաղթանակը ոչ միայն ուժեղին է տրվում, այլեւ՝ արդարին»:
Գիտակցելով, թե ինչ պատասխանատվություն է դրված իր ուսերին, Նարեկը ռինգում անքուն գիշերներ է անցկացրել՝ պատրաստվելով վճռորոշ մենամարտին: «Ադրբեջանցու հետ գոտեմարտելն ու հաղթելն ինձ համար պատվի հարց էր, ազգային արժանապատվության ու, հայավարի ասած՝ թասիբի հարց: Նրան տապալելը գերխնդիր էր դարձել: Պետք է ապացուցեի, որ իրենք կռվել չգիտեն ոչ միայն մարտի դաշտում, այլեւ՝ ռինգում»։

Բայց, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից առաջ է ընկել: Մինչ հաղթական տրամադրված Նարեկը պատրաստվում է ռինգ դուրս գալ, ադրբեջանական կողմը հայտարարում է իր մարզիկի՝ հայի հետ մենամարտելուց հրաժարվելու մասին: «Պարզվեց՝ ադրբեջանցիները լավ ուսումնասիրել էին մարզական կենսագրությունս ու հասկացել, որ խայտառակ պարտություն են կրելու: Երեւի հույս են ունեցել, որ կկաշառեն մրցավարներին ու հաղթանակը կգնեն, բայց երբ հասկացել են, որ գործ ունեն անաչառ մրցավարական թիմի հետ, չեղարկել են գոտեմարտը: Իրենք նույն վախկոտներն են թե՛ մարտի դաշտում, թե՛ ռինգում»:
Իր բոլոր հաղթանակների համեմատ Նարեկի համար առանձնահատուկ է ադրբեջանցու հետ չկայացած, բայց կարեւոր մենամարտը: Ասում է՝ մերն արդար պայքարի ոգին է, իրենցը՝ ստորաբար նահանջը:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X