Քաղաքականություն

Արման Սահակյանն, ի հեճուկս Սուքիաս Ավետիսյանի, բասկետբոլի թիմ է ստեղծո՞ւմ

Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը 2010թ-ից «Շիրակ» ակումբի սեփականատերն է: Ակումբի չի սահմանափակվել միայն Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային թիմի գործունեությամբ, ստեղծել է ակադեմիա, որտեղ շուրջ 400 սան է մարզվում: Տեղեկացանք, որ շատ շուտով ստեղծվելու է նաև «Շիրակ» բասկետբոլի թիմը: Hraparak.am-ը զրուցեց «Շիրակ» ակումբի պատասխանատու Արա Հարությունյանի հետ: «Երբ մեր ֆուտզալի նախկին նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, թե մինի ֆուտբոլը լուծարվում է, քանի որ ի զորու չեն հոգալու ֆինանսական ծախսերը, մենք մեր ակումբի նախագահի՝ Արման Սահակյանի հետ քննարկեցինք եւ որոշեցինք բացը լրացնել: Հաշվի առնելով, որ Գյումրին ունի պոտենցիալ նաև բասկետբոլի ոլորտում, որոշեցինք ե՛ւ ֆուտզալի, ե՛ւ բասկետբոլի թիմ ստեղծել: Ակումբի գործունեությունը բազմապրոֆիլ ենք դարձնելու: Նպատակը սպորտային միջավայր ստեղծելն է: Եթե ասում են, որ Գյումրիում այլևս տաղանդներ չեն ծնվում, դա այդպես չէ, պարզապես համապատասխան միջավայր պետք է ստեղծել»,-ասաց ակումբի պատասխանատուն:

Հետաքրքրվեցինք, թե ով է հոգալու ծախսերը, որոնք ըստ երևույթին, այնքան էլ քիչ չեն: «Ծախսերն իր վրա է վերցրել ակումբը՝ ի դեմս նախագահի»,-ասաց Արա Հարությունյանը՝ նշելով, որ բասկետբոլի թիմում դեռևս լեգեոններ չեն լինելու: Թիմը կազմավորվելու է համայնքապատկան դպրոցի սաներից: «Առայժմ բասկետբոլն ու ֆուտզալը կիսապրոֆեսիոնալ կարգավիճակում են, բայց ինչպես ֆուտբոլը, այնպես էլ սրանք, ժամանակի ընթացքում զարգանալու են; Մենք միջակություն չենք ընդունում, գնալու ենք մաքսիմալին »,-վստահեցրեց նա:

«Շիրակ» բասկետբոլի թիմ ստեղծելու գաղափարի հետ կապված Շիրակի մարզպետարանի սպորտի վարչության բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն էլ իր կարծիքը հայտնեց: «Այդ գաղափարը շատ գովելի է: Եթե ակումբը կարող է հոգալ այդ ծախսերը, մենք միայն շահելու ենք: Ցավոք սրտի պետական կառույցները նման գումար դեռևս չեն կարող հատկացնել»:

Անդրադառնալով նախկին Աժ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին եւ մինի ֆուտբոլի լուծարմանը, հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամն էր եւ ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա վերջին խորհրդարանական ընտրություններից հետո երես թեքեց հարազատ կուսակցությունից էլ, ֆուտբոլից էլ: Շիրակի մարզում ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածուն անակնկալ պարտություն կրեց՝ հավաքելով աննախադեպ քիչ թվով ձայներ: Իսկ ահա մարզում ձայների քանակով առաջատարը Արման Սահակյանն էր, ով կրկին ընտրվեց պատգամավոր:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X