Մամիկոն Ասլանյանը աշնանային նստաշրջանն էլ է «միայնակ» մեկնարկել

Վանաձորի «օդից կախված» քաղաքապետը երեկ՝ սեպտեմբերի 18-ին ՀՀԿ-ՀՅԴ ավագանու անդամների մասնակցությամբ աշնանային նստաշրջանի մեկնարկն է տվել։ Նիստը շարունակել են բոյկոտել ոչ իշխանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» եւ «Հայկական վերածնունդը»։ Փաստը Մամիկոն Ասլանյանին որեւէ կերպ չի կաշկանդում եւ խանգարում նիստեր հրավիրելու, ինչպես ինքն է ասում՝ քաղաքի կառավարումը շարունակելու համար։ Նա չի համոզել ընդդիմադիր գործընկերներին գալ-մասնակցել Վանաձորի կառավարմանը․«Նման որոշում այս պահին չունեմ, այդ հարցի շուրջ չեմ էլ մտորել, բայց ոչինչ բացառել չեմ կարող։ Թեպետ հո համոզելով չի, մարդիկ գուցե բնավ չեն հետաքրքրվում քաղաքի խնդիրներով»։

Հիշեցնենք, որ անցած հոկտեմբերին Վանաձորի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն զբաղեցրել էր երկրորդ տեղն ու «Հայկական վերածնունդ» եւ ԲՀ կուսակցությունների հետ հուշագիր ստորագրել, որ համատեղ պաշտպանելու են «ԼՀ» քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբորը: Սակայն փակ քվեարկությամբ ընտրությունում հաղթեց ՀՀԿ թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանը, որովհետեւ երեք կուսակցությունների ներկայացուցիչներից առայժմ անհայտ 4-ը քվեարկել էին ոչ թե ԼՀ, այլ ՀՀԿ թեկնածուի օգտին:«Դավաճանները» մինչ օրս մնում են չբացահայտված։

Հոկտեմբերի 31-ին էլ նախատեսվում է «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների 26 պատգամավորների հայցի քննությունը։ Նրանք դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել ՏԻՄ օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները մարտ ամսից չունենալով քվորում՝ գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։

Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք ՍԴ-ից իր ակնկալիքների մասին.«Ինձ իրավական այդ հարցերը չեն հետաքրքրում, մենք հիմա շատ կարեւոր քաղաքի խնդիրներով ենք զբաղված, դեռ մի ամիս ժամանակ կա, մենք մեր պատասխանը կգրենք եւ կներկայացնենք, թեպետ հիմնական պատասխանողը ոչ թե համայնքն է, այլ Ազգային ժողովը, որն էլ ընդունել է այդ օրենքը, ինչը վիճարկում են դատարանում։ Մենք հոկտեմբերի առաջին տասնօրյակում կծանոթանանք, կորոշենք՝ ինչ ֆորմատով ենք պատասխանում, իսկ հիմա քաղաքի հետ կապված տնտեսական մեծ խնդիրներ կան, դրանցով եմ զբաղված»։

Լուսինե Շահվերդյան

Մեկնաբանություն
X