Ոչ ես Նալբանդյանին պաշտպանելու, ոչ էլ Նալբանդյանն իմ պաշտպանության կարիքն ունի, բայց իրականությունը դա է

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համար անհասկանալի է այն իրարանցումը, որն առաջացրել է նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի պատճառով։ Հիշեցնենք, որ Նալբանդյանը խոսել էր Ղարաբաղի խնդրի կարգավորման եւ տարածքների հանձնելու մասին՝ շեշտելով, որ խոսքն այն տարածքների վերադարձի մասին է, որոնց վերադարձի դեպքում ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ հանգուցալուծումը սպառնալիքի տակ չի դրվելու:
«Խոսքը գնում է ոչ թե տարածքներ հանձնել եւ վերջակետ, այլ փաթեթի մասին, որտեղ ի շահս այլ կետերի մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, միջազգային բազմաշերտ երաշխիքների հարցը, այո, նաեւ այն հարցը, որ որոշ տարածքներ պետք է վերադարձնել։Դրա մասին բազմիցս խոսվել է եւ որեւէ անառողջ աժիոտաժի առիթ չի տվել։ Կարծեմ խոսքը գնում էր փոխզիջումների մասին եւ այդ համատեքստում էլ Նալբանդյանն ասաց այն, ինչ ասաց», -նշեց պարոն Մեհրաբյանը՝ շեշտելով․«Ոչ ես կարիքն ունեմ Նալբանդյանին պաշտպանելու, ոչ էլ Նալբանդյանն իմ պաշտպանության կարիքն ունի, բայց իրականությունը դա է»։

Նկատեցինք, որ քննադատություններն այն առիթով են, որ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին շրջանի ռազմատենչ դիրքորոշումը, անվտանգության գոտին պետք է ավելի մեծացնել, ոչ թե տարածքներ հանձնել․.«Իհարկե, աբսուրդ է մտածել, որ պետք է հենց այնպես տարածքները վերցնենք եւ տանք։ Իսկ եթե կարգավիճակի հստակեցում չպետք է լինի, ապա քննարկելու ոչ մի բան էլ չպետք է լինի։ Իսկ կարգավիճակն այստեղ պետք է լինի մեկը, եթե ամբողջ հետխորհրդային տարածքի կոնֆլիկտները պետք է միանշանականորեն լուծվեն երկրների տարածքային ամբողջականության սահմաններում, ապա Ղարաբաղի հարցը պետք է լինի բացառություն, այստեղ պետք է լինի Ղարաբաղի լիակատար անկախություն, այնպես ինչպես Ադրբեջանի Հանրապետությունն է անկախ, այնպես ինչպես Հայաստանի Հանրապետությունն է անկախ։ Ի վերջո, աշխարհում կա երկու հունական պետություն, երեք գերմանական խնդիր եւ այլն, ժամանակն է, որ ոմանք ընտելանան, այո, աշխարհում պետք է լինի երկու հայկական պետություն։ Ցանկացած այլ լուծում կնշանակի Արցախի հայության ցեղասպանություն Ադրբեջանի տարածքում»։

Լուսինե Շահվերդյան

Մեկնաբանություն
X