Քաղաքականություն

Ազատամարտիկներին կա՛մ աքսորում են երկրից, կա՛մ նստեցնում բանտում․ Գագիկ Մելքոնյան

«Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Գագիկ Մելքոնյանը, ի պատասխան մեր այն հարցի, թե մեկ տարվա ընթացքում ինչ հասցրեց փոխել վարչապետ Կարեն Կարապետյանը, հեգնեց․ «Մեկ տարվա մեջ մեր երկիրը լայն քայլերով գնում է առաջ, դեպի պայծառ ապագա»։

Հարցին, թե ինչպես է վերաբերում Ժիրայր Սեֆիլյանի եւ արցախյան ազատամարտի մյուս մասնակիցների դատավարություններին, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Սխալ են անում, որ դատում են։ Ազատամարտիկներին դարերով դատել են։ 18-րդ դարի վերջերին, երբ ազատամարտիկներն ըմբոստացան, կոտորեցին, 19-րդ դարի վերջերին էլի կոտորեցին, 20-րդ դարի վերջերին ըմբոստացան, 21-րդ դարում սկսեցին կոտորել։ Կա՛մ աքսորում են երկրից, կա՛մ էլ նստեցնում են բանտում։ Դրոյի, Նժդեհի, Անդրանիկի հետ ո՞նց վարվեցին, ասացին՝ գնացեք երկրից։ Հիմա էլ նստեցնում են։ Իսկ դատավարությունը շոու է»։

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանն էլ կարծում է, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների գործով դատավարության ժամանակ ոչ մի բան չեն կարողանալու ապացուցել, հետո էլ մտածելու են, թե ինչ ձեւով ազատեն նրանց։

Հարցին, թե ինչու «Սասնա ծռեր»-ը դիմեցին ծայրահեղ քայլի, Հովհաննես Հարությունյանը հեգնանքով պատասխանեց․ «Դե, իհարկե, հայրենիքն անկախ էր, չկային ո՛չ տնտեսական, ո՛չ իրավական խնդիրներ, ամեն ինչ հրաշալի էր, իրենք էլ որոշեցին վատթարացնել վիճակը»։

Հարցին, թե ինչ է փոխվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, Հովհաննես Հարությունյանն ասաց․ «Ոչինչ էլ չի փոխվել։ Այսօր եթե փորձում ես ասել, որ հայրենիքը վատ վիճակում է, պետք է ինչ-որ քայլեր անել, մտածել ժողովրդի մասին, իրենք մտածում են, թե ինչ է, իրենցից լա՞վ ես հասկանում»։

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեությանը, ապա մեր զրուցակիցը նշում է․ «Եթե թողնեն, ապա վարչապետը կաշխատի։ Ինչքանով իրեն ճանաչում եմ, ինքը բանիմաց, կիրթ, աշխատող մարդ է»։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X