Ես էլ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սարգսյանին

Ազգային ժողովի Հանրապետական նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն ի հեճուկս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի, այն կարծիքին է, որ կյանքում անփոխարինելի մարդիկ չկան։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտից հետո, վարչապետի թեկնածության մասին Գալուստ Գրիգորիչը կարծիք էր հայտնել, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում անփոխարինելի մարդ է, նրա նման երկրորդը չկա, որ ՀՀԿ-ում շատերն են իր նման մտածում, ու թեև վարչապետի թեկնածության հարցը չի քննարկվել, գրեթե վստահ է, որ ՀՀԿ-ում իր դիրքորոշմանը բոլորը համամիտ են: Սահակյանը խոստովանել է, որ այժմ ինքն աշխատում է այդ ուղղությամբ, որ 2018-ից հետո ևս Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել երկիրը:

Մինչդեռ Հակոբ Հակոբյանը խուսափում է անուններ տալ, վարչապետի պաշտոնում տեսնում է այն թեկնածուին, որին կառաջարկի կուսակցությունը․«Բոլորս լավ գիտենք, որ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն բոլորից առաջ անցավ, մեծամասնություն ունի, հետեւաբար, ընտրելու, նշանակելու իրավունքն էլ իրենն է։ Այսօր խոսել վարչապետի թեկնածուի մասին, կարծում եմ՝ վաղ է, ով էլ լինի, միեւնույն է ՀՀԿ-ն է նշանակելու, բոլորս լավ գիտենք, որ ՀՀԿ ղեկավարը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, իրա գլխավորած կուսակցությունն է առաջադրելու եւ երբ թեկնածուներ կառաջադրեն, նոր այդ ժամանակ էլ ամեն մեկս մեր կարծիքը կհայտնենք»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը։

Հիշեցմանը, որ մի շարք ՀՀԿ-ականներ արդեն կարծիքներ են հայտնում, մասնավորապես, Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Հակոբյանը պատասխանեց. «Գալուստ Սահակյանը ... Դե գիտեք էսօրվա մեր երկրի նախագահը մենք տեսնում ենք, թե ոնց է աշխատում, յուրաքանչյուրս, իհարկե, մեր կարծիքն ունենք իր աշխատանքի մասին, ես կարծում եմ, որ բավականին հաջողված է։ Երկրում դժգոհություններ կան, բայց յուրաքանչյուր երկրում էլ կան դժգոհություններ։ Դժգոհելը ամենամեծ գործն է, էն մարդիկ դժգոհելու իրավունք ունեն, երբ ինքը գործի մեջ է։ Օրինակ՝ հիմա ման ես գալիս փողոցով, տեղ կա, ոնց որ աղբանոց լինի, բայց հիմա մեղադրել քաղաքապետին, ոնց որ շատերն են անում, դա ճիշտ չի։ Եթե մենք՝ բնակիչներս ենք կեղտոտում, լավ ինչքան մեր հետեւից կարող են ամեն րոպե հավաքել»,- երկար-բարակ ներկայացրեց Հակոբյանը՝ խույս տալով բուն պատասխանից, սակայն Հակոբյանին կոնկրետության դաշտ բերեցինք, որից հետո նա պատասխանեց․«Ճիշտն ասած՝ էդ հարցը պետք է Գալուստ Սահակյանին տաք, իմ կարծիքով անփոխարինելի մարդ գոյություն չունի, բայց որպես վարչապետ, իհարկե, ես էլ եմ տեսնում Սերժ Սարգսյանին»։

Լուսինե Շահվերդյան

Մեկնաբանություն
X