Իրավունք

Փաստաբանը մեղադրվում է պաշտոնյաներին խոշոր չափերով կաշառքի միջնորդության համար, այնինչ նրանք առ այսօր չեն հարցաքննվել

«Գայանե Գալոյանը բժշկական կենտրոնում է, շատ ինտենսիվ թերապիա է ստանում վերակենդանացման բաժանմունքում։ Ամսի 11-ին, որ նա ձերբակալվել է, քննիչի աշխատասենյակից շտապ օգնության մեքենայով տարել են հիվանդանոց, շաքարն է բարձրացել։ Նրա մոտ հիվանդությունների մեծ փունջ կա։ Չնայած մինչեւ ամսի 14-ը ժամկետ կար միջնորդությունը քննարկելու, դատարանը քննարկեց, երեկոյան կողմ էր եւ բավարարվեց քննիչի միջնորդությունը՝ խափանման միջոց կիրառվեց՝ կալանք։ Գայանեն արդեն այդ ընթացքում վատացել էր, դեմքից էլ երեւում էր։ Տարան բուժկենտրոն, վերակենդանացման բաժանմունք։ Այսօր երեկոյան ուզում եմ գնամ իր հետ զրուցեմ»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց օրերս կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի փաստաբաններից Վլադիմիր Գրիգորյանը՝ նշելով, որ Գալոյանը ի սկզբանե ասել է, որ իրեն մեղսագրված արարքի հետ անռչություն չունի։

«Ասել է, որ որեւէ մասնակցություն չունի, դրանից տեղյակ չի եւ իրեն մեղավոր չի ճանաչում։ Այս գործը նոր է հարուցվել ՀՔԾ-ում, նա մեղադրվում է պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառքի միջնորդության համար, այն դեպքում, երբ տվյալ պաշտոնատար անձինք առ այսօր ընդհանրապես հարցաքննված չեն եւ նրանց մեղադրանք չի առաջադրվել կաշառք վերցնելու համար։ Այս գործով միայն Գայանե Գալոյանն է կալանավորված։ Եթե մարդը անգամ հարցաքննված չէ, որեւէ պաշտոնատար անձի չեն մեղադրել կաշառք ստանալու համար, բայց Գայանեին մեղադրում են կաշառքի միջնորդություն կատարելու այդ անձանց, ստացվո՞ւմ է տրամաբանորեն»,- ասաց փաստաբանը։

Վլադիմիր Գրիգորյանը նշեց, որ առերեսում անգամ տեղի չի ունեցել, թերի քննության պայմաններում Գալոյանին կալանավորել են․ «Գայանեին շատ փութաջան կերպով, գիտենալով նաեւ նրա առողջական վիճակը, 60 տարեկան միայնակ կին, խրոնիկ հիվանդությունների տեր, կալանավորեցին։ Վերաքննիչ քրեական դատարան բողոք ենք բերել»։ Փաստաբանը չկարողացավ նշել պաշտոնատար անձանց անունները, քանի որ, ըստ Գրիգորյանի, մեղադրանքի որոշման մեջ անուններ նշված չեն։

Նշենք նաև, որ Գայանե Գալոյանը մասնագիտացված է քաղաքացիական, անձի դեմ ուղղված հանցագործությունների, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում։ Ժամանակին էլ պաշտպանել է քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին՝ հայտնի Իսո մականվամբ:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X