Կատալոնիան շանս չունի անկախության հանրաքվե անցկացնելու. փորձագետ

Կատալոնիան Իսպանիայից անկախանալու հանրաքվե անցկացնելու որևէ շանս չունի, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի սոցիալական և քաղաքական հետազոտությունների բաժնի վարչ Վլադիմիր Շվեյցերը:

Նշենք, որ Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե անցկացնել, որը Իսպանիայի կառավարությունը չի ճանաչում: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է հանրաքվեի հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են Կատալոնիայի կառավարության կողմից:

«Բացարձակապես որևէ շանս չկա հանրաքվե անցկացնելու: Հանրաքվեն միջոցառում է, որը պետք է ամրագրված լինի համապատասխան օրենքով: Եթե տվյալ պետությունը նման օրենք չունի, ապա այն ամենը, ինչը կոչվում է հանրաքվե, հանրաքվե չի համարվի»,- ասել է Շվեյցերը:

Նրա խոսքով՝ Կատալոնիայի իշխանությունները հուսահատ քայլի են գնում: Այն ինչ նրանք անում են հիմա՝ նացիոնալիզմի և անջատականության դրսևորում է:

«Ինչով դա կավարտվի՝ դժվար է ասել: Ես չեմ կարծում, որ քաղաքացիական պատերազմ կսկսվի: Բայց և ակնհայտ է, որ կլինեն անհնազանդության ակցիաներ, որոնք շատ արագ կմարեն»,- նշել է Շվեյցերը:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Կատալոնիայի երկու խոշոր հասարակական կազմակերպություններ՝ Կատալոնիայի ազգային համաժողովը և Òmnium Cultural-ը հանդես են եկել քաղաքացիներին ուղղված դիմումով՝ մասնակցել հանրահավաքներին, որոնք ընթանում են Բարսելոնայում: Դրանց առայժմ մասնակցում է մի քանի հազար մարդ:

Մեկնաբանություն
X