Ժողովրդիս խինդն ու ծիծաղը հետ բերելու համար ամեն ինչ դրեցինք զոհասեղանին. Պավել մանուկյան

Պավել Մանուկյանի նամակը բանտից

Սիրելի ընթերցող, հայ պատանի և երիտասարդ, հայ զինվոր և հայ սպա, այս նամակը ես գրում եմ ձեզ համար: Ի պատասխան տխրահռչակ Նարեկ Բիչախչյանի՝ ինձ և Սասնա Ծռերիս ուղղված հորջորջին:

Չչարաշահելու համար ձեր համբերությունը կգրեմ հնարավորինս կարճ և այդ հանցագործների կատարած բյուրավոր հանցանքներից կբերեմ միայն մեկը:

Ն. Բ. իսկ ի՞նչ կասեք այն երեք օդաչուների մասին, որոնք զոհվեցին 2014թ. զորավարժությունների ժամանակ: Ո՞ւր է հիմա, ո՞ւր այդ զորավարժություն իրականացնողը, որը պետությանս և հայրենիքիս պատճառեց սարսափելի մեծ վնասներ, իսկ մեր պետականությունը երերաց: Հազարավոր հայ զինվորներ և սպաներ, որոնք զինված էին մինչև ատամները (իհարկե 80-ականների զենքերով) տառապալից հայացքով հետևում էին, թե ինչպես են հոտում իրենց հերոս օդաչու ընկերների մարմինները և որոնք պատրաստ էին պատառ-պատառ անել մեր թշնամուն, վերջ դնել արդեն տասնամյակներ շարունակվող այս սողացող պատերազմին՝ ազատագրելով ողջ Քուր-Արաքսյան հովիտը: Հետո նրանցից մի մասը «պարգևատրվեց» գերագույն գլխավոր չարիքի՝ Ս.Ս.-ի կողմից: Այդ պարգևատրվածներց շատերի խիղճը վառվում է դեռ այդ պարգևատրությունից: Պարգևատրություն, որը կոչվում է «Հիմա ո՞վ կասի թե Աղդամը իմ հայրենիքն է»: Իսկ նույն պարգևի մյուս երեսին տեսնում ենք Բ26-ի դիմաց, կամ Սերժ աղդամեցու ապարանքի դիմացից զոհված քաջերի կանանց, երեխաներին և Սուրբ Սրբոց քաջածին մայրերին ինչպես են փողոցով մեկ քարշ տալիս ոստիկան ենիչերիները:

Սերժիկ Աղդամեցի եմ ասում նրա համար, որովհետև այդ «զորավարժությամբ» նա ապացուցեց իր իսկ ասածը՝ Աղդամը ադրբեջանինն է և ինքը նույնպես: Միայն ադրբեջանին նվիրված թուրքը կարող էր այդպես վարվել հայ ժողովրդի հետ, իսկ քեզ պես հաջողակ ենիչերիին, ինչը հուշում է նաև ազգանունդ անգամ, պիտի ասեմ, որ ես իմ ժողովրդի տառապանքի և հաղթության երգն եմ երգել և նրա ցասումի պարն եմ պարել Արցախյան պատերազմի ամենաօրհասական և հաղթության օրերին, պարել եմ լեռների գագաթին, ժայռերի կատարին, անդունդների եզրին, գնդակների տարափի տակ, արկերի և ռումբերի վառոդաբույր պայթյուն շաչյունների ներքո: Այնպես որ երգել ու պարելու եմ նաև այս կռվին՝ ենիչերիների դեմ ուղղված կռվին: Հուսամ որ տեսակդ քիչ է: Ասեմ որ այդպիսի մի «պարգևատրության» մենք ականատես կլինենք սեպտեմբերին՝ «անկախության», իմ կարծիքով գաղութացման տոնին: Իհարկե ներառված կլինեն սփյուռքի մեր ունևոր, բայց իրավազուրկ հայրենակիցները: Եվ բոլոր նրանք ովքեր պատրաստվում են այդ «պարգևատրությանը», այդ պղծագործ սգո շտեմարանի, գարշակոկորդ վշտի աղբրի, հայ ժողովրդի ցեղասպան մեծ քիրվա ՍՍ-ի ձեռքից, թող հիշեն, որ այդ պարգևները պետք է գալու միայն սեփական խիղճը այրելու համար: Թող հիշեն սուլթան Համիդի պարգևները Հովհաննես Այվազովսկուն: Սև Ծովն անգամ չեր բավում մեծ վարպետի այրվող խիղճը մարելու համար: Սփյուռքահայ բարեկամ, մեկ անգամ գոնե ականջալու եղիր բանտերից հնչող քո հավատարիմ զինվորների խնդրանք-պահանջին: Բավական է դեմ ըլալով ձեր խղճին կողմ քվեարկեք այս ոճրագործի գոյատևման գործին, դառնալով մասնակիցը և հանցակիցը սեփական ժողովրդի սպանությանը: Մանավանդ որ այս անգամ «պարգևը» մեծ է «Ո՞վ կասի թե Հայաստանը իմ հայրենիքն է»:

Աշխարհիս ամենամեծ պարգևը սեփական ժողովրդիս խինդն ու ծիծաղն է, որը ետ բերելու համար բոլոր պարգևներից հրաժարվեցինք, հենց դրա համար էլ մենք՝ Ծռերս ծռեցինք: Հենց դա ետ բերելու համար էլ ամեն բան դրեցինք հայրենիքի զոհասեղանին: Հիմա ես քեզ ինչ ասեմ Ն. Բիչախչյան, որ քեզ եզնելու մկրտության ժամանակ հիշում ես հոգևորականիդ տված միայն մեկ պատվիրանը՝ «քեզ համար հայրենիքը սահմանափակվում է քո խոհանոցի առատ սեղանով»՝ այն է ախոռը: Երկրորդը քեզ հիշեցնեմ բառացի: Զգուշացիր և հեռու մնա ցլերից: Նրանցն է վերուստ տրված խոյանալու և խոյահարելու իրավունքը, նրանցն է ցասումի և բերկրանքի, պայքար կռվի և հաղթանակի իրավունքը, նրանցն է այգը, ինչպես և նրանցն է արարչագեղ արևածագը: Նրանք նույնիսկ խավարի մեջ անթերի գիտեն իրենց տարածքը՝ սառնորակ աղբյուրների, զեփյուռաշատ կատարների, վտանգավոր կածանների, սաղարթախիտ հսկա ծառերի տեղը, որի տակ հպարտությամբ նստել շուրջ բոլորը նայել գիտեն: Հպարտությունը նրանցն է: Քո ներկայությունն անգամ նրանց համար անտանելի է: Սա թող լինի քո տիրոջ՝ Սերժ Սարգսյանին դաս, որը ոչնչով չի զիջում քեզ, որ մյուս անգամ քեզ պես մուրազով շահած պահած, բտած-մտած, «առողջ», փարթամ, պարարտ եզանը չհանի մեյդան լղար, վիրավոր, կատաղած ցուլ գոմեշի հետ: Հակառակ պարագայում նա էլ քեզ պես շատ արագ փախչելու է մեյդանից՝ մի քանի տեղից խորը խոցված, հազիվ պոչը իրար տալով՝ կենդանության նշույլ ցույց տալու համար: Այնպես որ եղիր հեզ անբան եզ և որոճա քեզ բաժին հանած փթած դարմանը, քանի որ փթած դարմանն էլ առողջ եզանը վնաս չէ: Չէ որ մոտենում է նաև քո առավոտը և դու մի երջանիկ զույգի ոտքերի տակ կծառայես հեզաբարո՝ որպես առատ մսացու: Իսկ ես պայքարում ինչպե՞ս և որտե՞ղ կընկնեմ, չգիտեմ, միևնուն է իմ մարմինը սերունդների ոտքերի տակ ծառայելու է որպես կամուրջ հաղթանակի: Իմ մարմինը, որը ամբողջությամբ բաղկացած է ամեհի պոզերից, հաստ ոսկորներից, լղար, բայց ջլոտ մկաններից, դառնալու է վեհության ու հպարտության, առաքինության, անսահման բարության և արդար ցասումի, սիրո և այդ սիրո համար պայքարի խորհրդանիշ:

Իմն են լինելու կենացները, իմն է լինելու կարմրափրփուր գինին, իմն են լինելու հոգեցունց երգերը՝ խոյելու, խոյանալու և խոյահարելու մասին, քանզի ինձ համար ապրելու իմաստը ապրեցնելու և արարելու մեջ է:

Հիմա էլ այս բանտից որոտընդոստ ձայնով գոռում եմ ցլին վայել. -Պայքարի մեջ որտեղ էլ որ կընկնեմ, մարմինս թող կամուրջ դառնա ոտքերիդ տակ դեպի հաղթանակ, իմ հայ ժողովուրդ:

Սասնա Ծուռ
Պավել Ռազմիկի Մանուկյան

Մեկնաբանություն
X