Օրենքով գողերը գառի նման խելոք են իրենց պահում․ Վլադիմիր Գասպարյան

«Հայաստանում քրեական տարրերի հետ կապված հանցագործությունները չեն ավելացել։ Ինչպես ոստիկանությունը, այնպես էլ դատախազությունը հրապարակել են վիճակագրություն։ Կարծում եմ՝ ակնհայտ էդպես չէ»։ Այս մասին սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ ոստիկանությունը աչք չի փակում հանցագործություններից։ «Չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բացահայտման դինամիկայի տոկոսը շատ լավն ա։ Անցած դեպքերից մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ կբռնենք»։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ «օրենքով գողերը» Հայաստանում «սխոդկաներ» են անում, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ օրենքով գողերը գառի նման խելոք են իրենց պահում եւ դրանում պետք չէ կասկածել։ Դիտարկմանը, թե սոցցանցերում շատերը կոչ են անում ոստիկանապետ նշանակել Վանո Սիրադեղյանին իր փոխարեն, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, նա իմ ավագ ընկերն է, եւ շարունակում է մնալ։ Իսկ դրանք կարծիքներ են։ Մեկն էլ ուզում է, որ Օսիպովը գա, մյուսն էլ Արամ Մանուկյանին է ուզում»։ Իսկ թե իր տեղը կզիջի՞ Սիրադեղյանին, ոստիկանապետն ասաց, որ իր տեղը պատրաստ է զիջել երիտասարդներին։

Մեր հարցին՝ հնարավոր չէ՞ր կանխարգելել «Թուֆենկյանի» մոտ տեղի ունեցած սպանությունը, Վլադիմիր Գասպարյանն ասաց․ «Եթե ամեն մի հանցագործի վրա մի ոստիկան դնենք, հնարավոր է»։ Դիտարկմանը՝ Ալավերդիում դա հայտնի դեպք է, վենդետա է,Գասպարյանն ասաց, որ Ալավերդի վենդետայի բոլոր դեպքերը բացահայտված են․ «Սա էլ է բացահայտված»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X