Ինչ շահեցինք գրապալատի լուծարումից, որը չհասցրեց տոնել իր մեկդարյա ծնունդը

Երևանի սրտի մեջ կարծես ի վերուստ մի սուրբ եռանկյունի կար գծագրված: Եռանկյան երեք անկյուններից յուրաքանչյուրը նշանավոր էր ու հայտնի այդ տեղում կառուցված գիտական-մշակութային երեք օջախներով…։ Չգիտեմ սա պատահականություն էր, թե նախախնամություն…։ Մաշտոց պողոտայի ամենաերեւելի հատվածում՝ երեւակայելի եռանկյան առաջին սուրբ անկյունում վեր է խոյանում մեր հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը՝ մատենադարանը, փոքր-ինչ ներքևում՝ Կորյուն-Գ.Քոչար փողոցների հատման սկզբնամասում, Երևանի հենց սրտի մեջ մատենադարանի նորօրյա շարունակությունն հանդիսացող Հայաստանի հանրապետության ազգային մատենագիտության, մամուլի մատենագիտական տեղեկատվության ու վիճակագրության, սոցիոլոգիական հետազոտությունների, կենտրոնական քարտագրացուցակավորման, ինչպես նաև համահայկական տպագիր արտադրանքի ինդեքսավորման, անձռնմխելի ազգային արխիվային ավանդատրվող ֆոնդի պահպանման, հայկական համակարգչային տառերի ստեղծման ու պահպանման աշխատանքները գրեթե մեկ դար իրականացնող Հայաստանի առաջին բիբլիոգրաֆիական մատենադարան- տոմարագրության պալատ- ազգային գրապալատը։ Եռանկյան երրորդ սուր անկյունը եզրափակվում էր ազգային գրադարանի թամանյանական շենքով:

Եռանկյունին այլևս չկա…։ Ավելի շուտ եռանկյան երկրորդ անկյունը կազմող ամենահին տաշվածքով անկյունաքարը չկա՝ ավերեցին, լուծեցին ու լուծարեցին գրեթե մեկ դար անխափան գործող և ամենակարևորը՝ իր տեսակի մեջ եզակի գիտական օջախը՝ Հայաստանի ազգային գրապալատը: Սրով ու թրով, հապճեփ միավորման ու գործառույթների իբրև թե փոխանցման և կրկնման քողի տակ կենդանի-կենդանի թաղեցին նրան ազգային գրադարանի մեջ…։ Ու եռանկյան երկու անկյունների կեղծ միավորումից եռանկյունին դարձավ բութանկյուն ու բթացավ: Ում էր ձեռնտու և ինչ շահեց հայ ազգային մատենագիտությունը…։

Թող պատմությունը որպես արդար դատավոր դատաստանն անի նրանց, ում ձեռքերով մշակութային անդաստանի մեջ տեղի ունեցավ բնապահպանական ջարդ՝ արմատախիլ արվեց ու ոչնչացվեց եզակին՝ Հայաստանի ազգային գրապալատը: Եվ այսպես ու …։ Ի պատասխան այդ մասին ստեղծված հայեցակարգում գրադարանների վերաբերյալ հետևյալ պարբերության. Հայաստանում մեկ կենտրոնում հավաքել և հայ ժողովրդի մասին արտերկրի մամուլում հրատարակված հոդվածները, աշխարհում լույս տեսնող գրականությունն և մամուլը, հրատարակել վիճակագրական ժողովածուներ: Բացի այդ կենտրոնից իրականացնել գրքի միջազգային ստանդարտ համարի (ISBN) տրամադրումը և ISSN (մատենաշարային=սերիալ) և (ISMN) (երաժշտական) միջազգային ստանդարտ համարների ծառյությունների մատուցումը: Այս գործառույթները պատվիրակել Հայաստանի ազգային գրադարանին՝ միավորելով Հայաստանի ազգային գրապալատ և գրքի միջազգային ստանդարտ համարի (ISBN) գործակալություն պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Գրապալատի գրապահոցում որպես մեր սերունդներին ավանդատրվող անձեռնմխելի գրեթե երկու միլիոնի հասնող տպագիր ֆոնդի փոխանցման մասին չի էլ հիշատակվում…։

Հայաստանի ազգային գրապալատը չէր կարելի լուծարել կամ անգամ միավորել ազգանպաստ ու կարևոր մի քանի հանգամնքներից ելնելով՝ նախևառաջ հատկապես նկատի ունենալով հանրապետության սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքը, և այն, որ սեյսմակայունության և տեխնիկական անհրաժեշտ զինվածության առումով մեր հանրապետությունում այսօր ոչ մի կազմակերպություն, այդ թվում առավել ևս Ազգային գրադարանը չունի գրապահոցային հուսալի մասնաշենք: Չէր կարելի ազգային և համաշխարհային մշակույթի մաս կազմող մեր ազգային տպագիր նյութերը մեկտեղել և սերունդների համար դրանց պահպանությունը իրականացնել մեկ վայրում: Որևէ աղետի, վթարի կամ հրդեհի դեպքում կորուստը անխուսափելի և անդառնալի կլինի: Երկրորդ. գրապալատի լուծարման հետևանքով մենք կորցրեցինք ու այլևս երկար ժամանակ չենք ունենա ազգային մատենագիտություն, մեր հանրապետության գիտակրթական միտքը և ընդհանրապես ընթերցողները իրենց հետազոտությունների ընթացքում զրկվեցին ազգային տվյալներից օգտվելու հնարավորությունից, որովհետև գրապալատում իրականցվող ընթացիկ և հետադարձ մատենագիտության ցանկերի կազմման աշխատանքները ենթադրում էին տարեկան համապատասխանաբար ոչ պակաս քան 30000 և 10000 մատենագիտական գրանցումներ և համապատասխան անվանական ու առարկայական ցանկեր:

Գրապալատի կողմից հրատարակվող մատենագիտական ցանկերի տարեկան հրատարակչական ծավալները կազմում էին համապատասխանաբար 200 և 80 մամուլ: Նման ծավալի գրանցումներ և մատենագիտական ցանկերի հրատակություններ հնարավոր էր միայն աշխատանքների ճիշտ կազմակերպման և մասնագիտական բարձր որակավորման և պատրաստվածություն ունեցող կադրերի դեպքում: Նման մատենագետ- կադրերի դարփնոցը գրեթե 95 տարի շարունակ համարվել ու հանդիսացել է միայն գրապալատը, այդ կադրերի փաղանքը սկսվել ու ձևավորվել , նոր արմատներ է ձգել միայն գրապալատում: Ազգային գրադարանի գրադարանավարը կամ թեկուզ մատենագետը ի վիճակի չի կատարել այդ աշխատանքները, քանի որ գործառույթները հստակեցված են, չունեն համապատասխան պատրաստվածություն որպես մատենագետներ, այնտեղ չկա մատենագիտական դպրոց և անգան ցանկության դեպքում դպրոցը մեկ կամ անգամ մի քանի տարիների ընթացքում անգամ հնարավոր չէ ստեղծել: Երրորդ. գրապալատը լուծարվեց առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու, վռազ-վռազ և ամենակարևորը՝այն ժամանակ, երբ մեզանում դեռ ընդունված չէին համապատասխան օրենքներ, չկային համապատասխան ԳՈՍՏ-եր ու դասակարգման ստանդարտներ:

Գրապալատում տպագիր նյութի մատենագիտական նկարագրումը, դասակարգումը դեռևս կատարվում էր Մոսկվայի նախկին համամիութենական գրապալատի կողմից 70-80ական թվականներին ընդունված ու տեղայնացված ԳՈՍՏ-երով ու դասակարգման աղյուսակներով: Այնպես որ գրահրատարակչական ոլորտի մեծ քաոսի վտանգ արդեն ստեղծված է ու շարունակվելու է գրադարանային ոլորտում: Գրապալատը մինչև լուծարումը իր գործառույթներով ու համապատասխան ծառայություններով կանոնակարգում էր հանրապետության գրահրատարակչական ամբողջ ոլորտը՝ բացառելով ոլորտում տիրող երբեմնի՝ 1990-1998թթ քաոսը, որի ժամանակ հանրապետությունում լույս տեսած հազարավոր տպագիր նմուշներ դուրս մնացին հաշվառումից ու փոշիացան: Այսօր շատ զավեշտալի և արտառոց նաև գրապալատի ISBN, ISSN, ISMN ազգային գործակալությունների աշխատանքներին (սաշիպափայավարի) տեր կարգված ազգային գրադարանի վիճակը, որ մշակույթի նախարարությունը որպես ֆինանսական լծակ-ճիպոտ հանձնեց գրադարանին, չնայած այն բանի, որ ըստ իր կանոնադրության ազգային գրադարանին պետբյուջեյից հսկայական գումարներ է հատկացվում իր գրադարանային ֆոնդը համալրելու համար:

Այստեղ գլխավորը արդեն խնդրի բարոյական կողմի հետ գործ ունենք: Ինչու մի կազմակերպության՝ ազգային գրապալատի ջանքերով ստեղծված ազգային գործակալությունները հանձնվեց ազգային գրադարանին, որը նախկինում երբևիցէ ինքնուրույն քայլեր չէր ձեռնարկել այդ գործակալությունների ազգային մասնաճյուղերը բացելու գործում: Այդ գործը պատվով անում էր Գրապալատը՝ բավական դժվարությամբ և մեծ ջանքերով հասնելով ոլորտում ներգրավվելու պրոցեսին: Մինչև տխրահռչակ լուծարումը ՀՀ-ն ի դեմս գրապալատի, ճանաչված էր ISBN, ISSN, ISMN միջազգային կենտրոնների կողմից որպես լիիրավ և իր գործունեության մեջ զգալի հաջողություններ գրանցած անդամ: Ինչու հիմնադիր մարմինը զրկեցին իր իսկ հիմնադրած գործակալություններից՝ հանձնելով այդ գործառույթները մի հաստատության, որը ոչ մի լումա չէր ներդրել դրանց ստեղծման ուղղությամբ: Վերջապես. կյանքը ցույց տվեց, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, սկսած Ռուսաստանից, լուծարելով իրենց գրապալատները, հետագայում դարձյալ ելնելով սխալ ընդունած որոշումից, կրկին վերաբացվեցին ազգային գրապալատները, իսկ և միթե չի գալու մեր ազգային սթափության պահը և հատկապես ի հեճուկս այն ապազգային պնդումների ու ապազգայնականների ում պետք էր գրապալատի ողջ տպագիր անձեռնմխելի գրեթե երկու միլիոնի հասնող ֆոնդը և այն բարբաջումների, թե գրապալատը իբր հնացած, կոմունիստական մնացորդ է:

Նկատենք նաև, որ գրապալատներ գոյություն ունեն նաև ոչ միայն մի շարք նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, այլ ուրիշ երկրներում ևս՝ ասենք Լատինական Ամերիկայի մի քանի երկրներում: Հայաստանի ազգային գրապալատը ավելորդ օղակ չէր, այն կատարում էր ազգ.գրադարանից զատ գործառույթներ, որը ի վիճակի չէ կատարել գրադարանը, քանի որ ավանդաբար նա ընթանում է այլ ուղիով և նրա ամենակարևոր գոծառույթը՝ դա սպասարկումն է: Եվ ամենացավոտ հարցը՝ ուր կորավ գրապալատի գրապահոցում 1917-2017 թվականների ընթացքում կուտակված ազգային անձեռնմխելի մեկ միլիոն ութհարյուր ութսունվեց հազար թվով տպագիր մշակութային ժառանգության հավաքածուները ( կան արդյոք փաստացի հաշվետվությունները), որ յուաքանչյուր տարի եռամսյա ու տարեկան հաշվետվություններով որպես ֆինանսական փաստաթուղթ, ներկայացվում էր պատկան նախարարությանը, ամենափոքրիկ տպագիր նյութն անգամ ՝ սկսած հրավիրատոմսից, հաշվառվում էր գրապալատի մայր մատյաններում: Աշխատանքիս բերումով մայր մատյանների պատճեները կան իմ ձեռքի տակ:

Եվ վերջին հարցս՝ ինչու գրապալատի անձեռնմխելի ֆոնդը որպես ազգային տպագիր մշակութային ժառանգություն չհաշվառվեց ՀՀ կառավարության ընդունած «Փաստաթղթերի վավերականացման և հաշվառման մասին» օրենքի կետերին համապատասխան, այլ խախտվեց օրենքը ու չկիրարկվեց: Տեղափոխման պահին, առանց հաշվառման փաստաթղթերի ու փոխանցման ակտերի վավերականացման, գրապալատի գույքն ու անձեռնմխելի տպագիր հարստությունը տարհանվեց ու լցվեց գրապալատի գրապահոցից ավելի վատթար վիճակում գտնվող ազգային գրադարանի նկուղային տարածքում, իսկ աշխատակիցներին տեղավորեցին իրենց նախկին աշխատասենյակներից ավելի վատ սենյակներում: եվ անմոթաբար հայտարարվեց, որ իրենց գրապալատի կողմից տարեկան հրատարակվող ամենամսյա մատենագիտական ցանկերը՝ տարեգրքերը, վիճակագրական ժողովածուները և ու այլ մատենագիտական ցակեր պետք չեն: Իսկ այսօր քափ-քրտինք մտած կազմում են նույն ցանկերը, միայն գրապալատից տեղափոխված մատենագետների աշխատանքի շնորհիվ, որովհետև գրադարանը երբեք և համաձայն գործող կանոնադրության մատենագիտության կենտրոն չէ և չի էլ կարող լինել, նրա գլխավոր գործառութը սպասարկումն է: Ազգայինի տնօրենի «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում գրապալատից բռնագանձված անձռնմխելի տպագիր ֆոնդերի քանակը ներկայացվեց մի ծիծաղելի թվով, որը կազմում էր գրապալատից տարած-խլած տպագիր ու անձեռնմխելի ֆոնդերի ընդամենը 1/5 մասը: Ուր հոսեց ու լցվեց հայ ազգային տպագիր հարստությունը, որ ուներ միայն գրապալատը և ինչ է մտածում այս ամենի մասին մշակույթի նախարարը: Այս խմորը դեռ շատ ջուր ունի քաշելու,- այսպես է ասում մեր ազգային իմաստուն ասացվածքը:

Հասմիկ Սաֆարյան- Նախկին գրապալատի նախկին փոխտնօրեն, ով ելել է պայքարի միայն ու միայն գրապալատի վերաբացման համար՝ իր հետ, թե առանց իրեն, դա չէ կարևորը:

Մեկնաբանություն
X