Առաջիկայում նախապատրաստում ենք համահայկական ընդվզում. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

>

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները։ Քաղաքական ուժի նախագահը Հայաստանի անկախությանը սպառնացող թիվ մեկ սպառնալիք է համարում Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած քաղաքական ուժը․ «Մեզ համար կարևոր չէ՝ Սերժ Սարգսյանն է, Կարեն Կարապետյանն է կամ մի անձ, որի անունը կարող է լինել Տիգրան ՀՀԿ-ից: Առաջին հերթին գտնում ենք, որ այն վերնախավը, որ գործել է այս 25 տարիների ընթացքում, երբևիցե չպետք է լինի քաղաքական կառավարման մեջ:

Մենք գտնում ենք, որ պետք է ապամոնտաժենք այս ողջ համակարգը, և տեղը պետք է հիմնադրվի նոր համակարգ։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գարնանը պետք է թուրքական արձանագրություններից հրաժարվի, մենք գտնում ենք, որ մեր ներքին թուրքից պետք է հրաժարվենք, և մեր ներքին թուրքն է ամենավտանգավորը: Իսկ ներքին թուրքը հենց Սերժ Սարգսյանն է, ՀՀԿ-ն է և բոլոր նրանք, ովքեր վարում են ապազգային քաղաքականություն»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ առաջիկայում նախապատրաստում են համահայկական ընդվզում: Նա, դիմելով հայությանն, ասաց, որ եթե ցանկանում են վերականգնել հայոց քաղաքական անկախությունը, իրապես լինել մրցունակ պետություն, որն ի զորու է հաղթահարել մարտահրավերները, ապա պետք է բոլորը մասնակից լինեն քաղաքական գործընթացներին: «Բարեգործություն և այլ մասնակցությունը միջոցառումների, իհարկե, դրական երևույթ է, ողջունելի է, բայց բավարար չէ, անհրաժեշտ է բոլորս մասնակից լինենք հենց քաղաքական գործընթացներին»:

Աննա Պապիկյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X